Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի բյուրոյի նիստի ժամանակ կրկին քննարկվել է թափառող շների հարցը:
Ախալքալաքում անօթևան կենդանիների հարցը հրատապ և չլուծված խնդիրներից է։ Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչ օրս գրանցվել է կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակման 29 դեպք։ Շների հարձակման ենթարկված ամենափոքր բնակիչը 3 տարեկան է, տուժածների թվում կա 6 անչափահաս։ Մնացածը 19 տարեկանից բարձր են։
Օրերս 2 թափառող շներ հարձակվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի վրա, այս մասին նա հայտարարել է բյուրոյի նիստի ժամանակ՝ Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներից հետաքրքրվելով շներին բռնելու և ստերջացնելու մրցույթով։
Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների՝ մրցույթը կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Պատգամավորները, սակայն, ևս մեկ անգամ նշել են, որ այս մեթոդը արդյունավետ չէ, քանի որ վերահսկողություն չկա, և հնարավոր չէ պարզել՝ իրականում շների ստերջացում արվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Մինչև ապաստարան չլինի, ու եթե 80 տոկոսը չանցնի ապաստարանով ու չստերջացվի, արդյունք չի լինի: Եվրոպայում ամեն ինչ հաշվի են առնում, այդ թվում՝ տիրոջ պատասխանատվությունը շան համար: Մեր մոտ շուն են վերցնում, մի երկու օր պահում, հետո դուրը չի գալիս ու փողոց են գցում։ Նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, որոնք գնում են դպրոց կամ այլ տեղ, երեխաների անվտանգությունն ավելի շատ անհանգստացնում է այս ծնողներին, քան այլ խնդիրները: Եվ թափառող շների, կամ նման հարցեր լուծելը կարող է ավելի շատ վարկանիշ բերել, քան այլ խնդիրներ լուծելը»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Ախալքալաքի գյուղերից մեկում, որտեղ կա հողամաս և տարածք, ապաստարան ստեղծելու առաջարկին ի պատասխան Նաիրի Իրիցյանը պատասխանել է, որ կան չափանիշներ, որոնք պետք է պահպանվեն, որպեսզի չանհանգստացնեն մոտակայքում ապրող մարդկանց։ Որ դժվար կլինի մունիցիպալ մասշտաբով ապաստարան ստեղծել՝ ի տարբերություն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային մակարդակի։
Վերջերս Jnews-ի լրագրողների հետ հաճախ կապ են հաստատում ծնողները, որոնց երեխաները առավոտյան դպրոց գնալիս շների հարձակումների են ենթարկվել: Ախալքալաքի բնակիչները մտահոգված են, որ այս հարցը չի լուծվում, որ ժամանակի ընթացքում շներն էլ ավելի են շատանում, որ ոհմակներով վախեցնում են ոչ միայն քաղաքի, այլև գյուղերի բնակիչներին։
2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչների վրա 149 կենդանիների հարձակում է գրանցվել։ 2022 թվականին մարդկանց վրա կենդանիների հարձակման 81 դեպք է գրանցվել։ Ախալքալաքում ամեն տարի գումար է հատկացվում (25-26000 լարի) շների բռնելու և ստերջացնելու համար, ինչից հետո կենդանիներին վերադարձնում են իրենց բնակավայր։ Բայց տարեկան ստերիլիզացված 100-200 շուն որևէ կերպ չի նպաստում խնդրի լուծմանը։
Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի նահանգապետի գրասենյակը նախորդ տարի հայտարարել էր, որ այս տարի Ախալցիխեում 60 շան համար նախատեսված կենդանիների ապաստարան է կառուցվելու։ Ծրագրի արժեքը 2 մլն լարի է։ Սակայն շներին այնտեղ մշտապես չեն պահի։