Դիլիսկա գյուղում երկու ընկեր՝ Ռազմիկ Եզոյանն ու Գևորգ Ղազարյանը, մեկ տարի առաջ սկսել են ճագարաբուծությամբ զբաղվել, այսօր արդեն 300 ճագարով ֆերմա ունեն: Նրանք չեն դժգոհում, իրենց արտադրանքով կարողանում են սպասարկել Ախալքալաքի բնակչությանը, սակայն նպատակ ունեն ընդարձակվել և ամբողջ տարածաշրջանի շուկան բավարարել:

Gevorg u Razmik

Բացի ճագարի միս սիրողներից, Ռազմիկի հաճախորդները նաև շաքարախտով հիվանդներն են:

Ռազմիկի խոսքով, ճագարի մսի պահանջարկն Ախալքալաքում այնքան էլ մեծ չէ, քանի որ շատերը նույնիսկ չգիտեն ինչ համ ունի այն:

«Նրանք, ովքեր մի անգամ փորձում են, դրանից հետո նախընտրում են միայն ճագարի միսը», – վստահեցնում է Ռազմիկն ու պատմում, թե ինչպես է մի անգամ ընկերոջը ճագարի միս հյուրասիրել և դրանից հետո միասին որոշել են երկուսով ֆերմա հիմնել:

napo1

napo8

Ռազմիկն ու ընկերը՝ Գևորգն ամեն առավոտ ժամը 7-ին ֆերմա են գնում, մինչև ժամը 11-ը մաքրում են, ճագարներին կերակրում, ջուր են տալիս կամ նոր վանդակ են կառուցում:

Այն ինչ կա ֆերմայում, ամենը Ռազմիկի ու Գևորգի ձեռքի աշխատանքն է: Նրանք իրենց ձեռքերով են ճագարների համար ճաղավանդակները սարքել, ջրահեռացման համակարգն ու ամեն ինչ արել:

napo

Դեռ աշխատողներ չունեն, արտադրանքից մինչև վաճառք՝ ամեն ինչ երկուսով են անում: Հույս ունեն, հենց բիզնեսը եկամտաբեր դառնա, աշխատողներ կունենան:

Մեկ տարի առաջ երկու ընկերով 3000 լարի ներդրում են արել և ընդամենը 5 ճագարով ֆերմա են հիմնել: Այսօր արդեն 300 ճագար ունեն, ճիշտ է դեռ եկամուտ չեն ստացել իրենց արտադրանքից, քանի որ եղած գումարը նորից ներդրում են կատարում:

Սակայն նրանք չեն բողոքում, հույս ունեն, որ պետական կամ որևէ գրանտի օգնությամբ խոտաղաց մեքենա կգնեն, որպեսզի ձեռքի աշխատանքը փոքր ինչ նվազի և գործը հեշտանա:

napo3

Ֆերմայում պայմաններ է ստեղծված մայր ճագարի և նրա նորածինների համար: Առանձին ճաղավանդակներում են պահվում նաև ծնելու նախապատրաստվող ճագարները:

Ռազմիկը կատակով նշում է՝ այստեղ ծննդատունն է. «Այստեղ, ներսում մայր ճագարներն են իրենց ձագերի հետ: Աճը շատ լավ է, ամեն մեկը 10-11 ձագ ունի, տարին մինիմում 5-6 անգամ ցկնում են»:

napo5

Պետության կողմից աջակցություն ստանալու կամ գրանտային ծրագրերի մասին խոսելիս Ռազմիկն ու Գևորգը պատասխանում են. «Ում դիմում ենք աջակցության խնդրանքով, ասում են՝ մենք նման ծրագիր չենք ֆինանսավորում կամ էլ՝ մի երկու ամսից զանգեք»:

«Քչակեր են, շատ վախկոտ, այդ պատճառով էլ իրենց միսը յուրահատուկ է: Առհասարակ շատ օգտակար միս է, առանց խոլեստերինի ու որևէ քիմիական հավելումների, հիմնականում շաքարով հիվանդներն են օգտագործում»,-նշում է Գևորգը:

napo7

Ֆերմայի սեփականատերերից Գևորգ Ղազարյանը նշում է՝ իրենք միսը վաճառում են շատ հարմար գներով: Եվ այս կարճ ժամանակահատվածում հասցրել են իրենց մշտական հաճախորդներն ունենալ: Ախալքալաքուն 1 կգ ճագարի մսի արժքը 15 լարի է:

ferma

Ճագարները սեռահասունացման են հասնում 3-5 ամսականում, տարեկան կարող են տալ ութ և ավելի ծին: Հղիությունը տևում է 29-32 օր: Յուրաքանչյուր ծնի ընթացքում մայրը տալիս է միջինը 8-10 ձագ:

Ճագարները ձագերին կերակրելու շրջանը կարողանում են զուգակցել հղիության շրջանի հետ, ինչը թույլ է տալիս ծնից 12 օր անց կրկին բեղմնավորվել և հղիանալ:

Գևորգ Ղազարյանը և Ռազմիկ Եզոյանը գոհ են իրենց հիմնադրած բիզնեսից, անկախ եկամտից շարունակելու են սիրած գործով զբաղվել:

napo4

Աղունիկ Այվազյան