Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնի հետ համատեղ շուրջ 6 տարի է իրականացնում է ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրեր։ Այդ ծրագրերից ոչ մեկը, սակայն չի վերաբերվում Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին։ Եթե մնացած բոլոր առարկաների ուսուցիչները կարող են քննություն հանձնել ու բարձրացնել կարգավիճակը, և, ըստ այդմ էլ աշխատավարձը, ապա հայոց լեզվի և գրականության ուսուցիչները նույն կարգավիճակով ու աշխատավարձով ստիպված են աշխատել նվազագույնը մինչեւ 2023 թվականը՝ ծրագրի ավարտը։

Ջավախքի դպրոցների Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները տարիներ շարունակ բարձրաձայնել ու շարունակում են խոսել խնդրի մասին, սակայն այն դեռևս լուծում չի ստացել:

JNEWS-ի հետ զրույցում քաղաքի և մի քանի գյուղերի դպրոցների ուսուցիչները խտրական են համարում այս մոտեցումն իրենց նկատմամբ:

«Ցանկությունը մեծ է, ամեն մասնագետ էլ ցանկանում է իր մասնագիտական քննությունը հանձնել, ունենալ նույն կարգավիճակը, ինչ մնացածներն ունեն։ Ինչո՞վ է մեղավոր հայերենի ուսուցիչը, որ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ առարկաների ուսուցիչը հանձնում է քննություն, ստանում է համապատասխան սերտիֆիկատ և վարձատրվում է բարձր», – ասում է Բալխոյի հանրային դպրոցի հայերենի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղանդիլյանը։

Նա խտրականություն է համարում այն, որ վրացերեն դասավանդող ուսուցիչը մեկ դասաժամի դիմաց ավելի շատ է վարձատրվում, քան հայերեն դասավանդող ուսուցիչը:

Ուսուցիչների խոսքերով, 2008 թվականից մինչև օրս Վրաստանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների համար ոչ մի թրեյնինգ չի անցկացվել: Նրանք կարևորում են վերապատրաստումը: Ուսուցիչները նշում են, որ միակ թրեյնինգը, որին մասնակցել են այս տարի, երկու օր է եղել, ընդհանուր 6 ժամ տևողությամբ, որն էլ պարզապես ծանոթություն է եղել ուսուցանման նոր մեթոդիկային, այսինքն՝ կապ չի ունեցել ուսուցչի առարկայական մասնագիտական զարգացման կամ առաջընթացի հետ:

Արմատացած, տարիներ շարունակ գոյություն ունեցող այս խնդիրը Կիրովականի հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անթառամ Ղարագյոզյանի կարծիքով բոլորինն է, եւ ոչ միայն մանկավարժներինը։

«Սա շատ ցավալի հարց է, որովհետև ցանկացած պետության մեջ, եթե մարդիկ ունեն հավասար պարտականություններ, ուրեմն պիտի ունենան նաև հավասար իրավունքներ, հասարակ, տարրական բան է: Ինչո՞ւ բոլոր առարկաններից կա մասնագիտական քննություն հանձնելու, որակավորում ստանալու, թեկուզև աշխատավարձ բարձրացնելու, ֆինանսական առումով ավելի ապահով վիճակում հայտնվելու հնարավորություն, իսկ հայոց լեզվից՝ ոչ։ Ամենացավալի հարցը, նախ դպրոցում հայոց լեզվի դրվածքն է, դասաժամերի տարեց տարի կրճատումը՝ շաբաթական 5-ից մինչև 3 ժամ»,- իր մտահոգությունն է հայտնում մանկավարժության շուրջ 30 տարվա փորձ ունեցող Ղարագյոզյանը։

Նա այլ առարկաներից քննություն չի հանձնել որակավորում ստանալու համար։ Որակավորում ստանալ չստանալու խնդիրը դիտարկում է այլ տիրությում։

«Ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, մասնագիտություն եմ ձեռք բերել, նախընտրելով ու սիրելով տվյալ առարկան ու մասնագիտությունը, հիմա որքանո՞վ է ճիշտ որակավորման համար այլ առարկայի քննություն հանձնել։ Մարդը նախ և առաջ պետք է սիրի իր առարկան, միգուցե ես կարող եմ բնություն առարկան հանձնել, կամ մեկ այլ առարկա, բայց հետո պետք է աշխատեմ այդ մասնագիտությունով։ Հայերեն չպետք է դասավանդեմ, որ ստանամ ավագ ուսուցչի կոչում, կամ օգտվեմ այդ արտոնություներից։ Չեմ գտնում, որ սա ճիշտ է», – հավելում է Անթառամ Ղարագյոզյանը։

Ախալքալաքի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչուհի Գայանե Բարսեղյանը կիսում է Անթառամ Ղարագյոզյանի տեսակետը, նշելով, որ ստեղծված իրավիճակը բացի խտրականից, նաեւ վիրավորական է:

«Այս հարցը իրոք շատ վիրավորական է, խտրականություն կա։ Անգամ ռուսերեն լեզվի ուսուցիչների համար կա քննություն: Եթե նշանակեն հայոց լեզվի քննություն և մենք հանձնենք մեր մասնագիտական քննությունները, ապա մեկ այլ խնդրի առաջ կկանգնենք, այդ դեպքում մեթոդիկան պետք է հանձնենք վրացերենով, իսկ հայոց լեզվի մասնագետն այսօր ինչպես կարող է մեթոդիկան հանձնել վրացերենով։ Մենք նախարարությունից խնդրում ենք, որպեսզի մեթոդիկան թարգմանվի, որպեսզի այս դժվարությունը ևս կարողանանք հաղթահարել։ Կողք-կողքի նույն կերպ աշխատում ենք, իրենք մի աշխատավարձով, մենք՝ մեկ այլ: Սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը պետք է նախարարությունը տա», – ասում է Գայանե Բարսեղյանը։

Հատկանշական է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Վրաստանի հանրային դպրոցներում ամբողջ աշխատանքային օր ծանրաբեռնվածությամբ եւ կարգավիճակ ունեցող ուսուցիչները 100 լարի (մոտ 30 դոլար) ավելի կստանան: Քանի որ հայերենի ուսուցիչները կարգավիճակ չունեն, կշարունակեն աշխատել նույն աշխատավարձով։ Ի դեպ, նույն խնդրին են բախվում նաեւ ազգային այլ փոքրամասնությունների մայրենի լեզվի ուսուցիչները։

Մինչ այս փոփոխությունը` ավագ մանկավարժի աշխատավարձը կազմում էր 1011 լարի էր (310 $), առաջատար մանկավարժինը` 1435 լարի (440 $), իսկ մենթորինը` 1745 լարի (535 $)։

Made with Visme Infographic Maker

Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ իշխանության կողմից ներկայացված թեկնածուին սատարելու են գալիս Ախալքալաքի մունիցիպալիտետի գրեթե բոլոր դպրոցների ուսուցիչները: JNEWS-ը ուսուցիչներից փորձել է պարզել, արդյո՞ք այդ հավաքների ժամանակ բարձրաձայնվել են հայոց լեզվի ուսուցիչների խնդիրները։

Բալխոյի դպրոցի ուսուցչուհի Գոհար Ղանդիլյանն ասում է՝ հարցը չի բարձրացրել: «Այս տարի քարոզարշավ չի եղել։ Ես ոչ մի թեկնածուի նախընտրական ծրագրից էլ տեղյակ չեմ եղել, որպեսզի հարցադրում անեի», – նշում է նա:

Իսկ ահա Կիրովականի հանրային դպրոցի մայրենիի ուսուցչուհին նշում է, որ ամեն անգամ այս խնդրի լուծման ուղիներ փնտրելիս թեկնածուների մոտ բարձրացրել է խնդիրը, սակայն այս տարի նույն բանը չի արել, քանի որ ոչ մի փոփոխություն չի նկատել։

«Չեմ հարցրել, քանի որ միշտ ասել եմ, ձևականորեն հարցերը տրվել են, ձևականորեն պատասխանները լսել ենք, չեմ մտածում, որ այս խնդրի լուծմանը քաղաքականությունը ելք կգտնի: Լուծումը միայն մի դեպքում է, եթե շրջանի բոլոր հայոց լեզվի ուսուցիչները և ազգաբանակչությունը մտածի այդ մասին», – ընդգծում է Անթառամ Ղարագյոզյանը։

Վերջինս կարևորում է նաև պետական լեզվի իմացությունը, նշելով, որ ինքը մասնակցում է նաև պետական լեզվի իմացության ծրագրերին։

Made with Visme Infographic Maker

JNEWS-ի դիտարկմամբ՝ Վրաստանում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից և թեկնածուներից միայն մեկն էր իր նախընտրական ծրագրում անդրադարձել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման խնդրին: Այդ թեկնածուն Հենզել Մկոյանն էր, բայց նկատենք, որ տասնամյակներ շարունակ վերջինս լինելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր ոչ մի անգամ չի խոսել այս մասին: 21 տարի էր անհրաժեշտ, որ Մկոյանը վերոնշյալ խնդրի ներառեր նախընտրական ծրագրում՝ «Դիմել Կրթության և գիտության նախարարություն, որպեսզի հայոց լեզվի ուսուցիչների համար էլ նախատեսվի ուսուցչի կարգավիճակը բարձրացնող քննություն, որ այս մասնագետները ևս վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչից մինչ օրս զուրկ են», նշված է ծրագրում։ Հենզել Մկոյանն այս անգամ խորհրդարան չանցավ։

Հատկանշական է, որ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի նախընտրական ծրագրում վերոնշյալ հարցը չկար, սակայն արդեն ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը քաջատեղյակ է խնդրին և պատրաստվում է ներկայացնել կառավարությանը: Jnews-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ պատրաստվում է գրավոր դիմել կառավարությանը, որտեղ կոնկրետ և մանրամասն ներկայացված կլինի ուսուցիչների խնդիրները, պահանջներն ու ակնկալիքները: Նորընտիր պատագամավորը վստահեցնում է, որ հայերենեի ուսուցիչների որակավորման հետ կապված խնդիրները արդեն իսկ ոչ պաշտոնական հանդիպումներին բարձրացրել է, իսկ առաջիկայում գրավոր հայտով կդիմի։

Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնից Jnews-ին հայտնեցին, որ իրականացվում է ոչ վրացալեզու դպրոցներին աջակցելու ծրագրեր, որոնց նպատակն է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների մասնագիտական ​​զարգացումը։ Մեր կոնկրետ հարցը, թե արդյո՞ք նախատեսվում է հայերենի եւ գրականության ուսուցիչների համար ևս կարգավիճակ ստանալու քննություն սահմանել եւ կամ արդյո՞ք որևէ մի ծրագիր իրականացվում է այդ ուղղությամբ, մնաց անպատասխան։


Գայանե Ակոջյան