Երեկ առավոտյան, որպես բողոքի նշան, որ գիշերը բերման են ենթարկվել կարծախցի երեք երիտասարդ, գյուղացիները փակել էին Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը: Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչու են ձերբակալել իրենց գյուղացիներին:
Կեսօրին, մոտ 40 հոգի Կարծախ գյուղի բնակիչներ, մոտավորապես մեկ ժամ, իրենց գյուղի տարածքում, արգելափակել էին պետական ճանապարհը եւ պահանջում էին բացատրություն, թե ինչու են ձերբակալվել իրենց գյուղացիները:
Գիշերը ոստիկանության կողմից ձերբակալվել էին Կարծախ գյուղի 3 բնակիչ՝ Ա. Չոբանյանը, Ա. Թագվորյանը եւ Կ. Կարապետյանը:
Բնակիչները չգիտեին ձերբակալման պատճառները: Նրանք ասում էին՝ «հավանաբար նորից խեցգետինների որսագողության համար է»:
Թե ինչ մեղադրանքով են այդ մարդիկ ձերբակալվել մենք պարզում ենք ներքին գործերի նախարարությունից: Սակայն, դեռ սպասում ենք պատասխանի:
Այն, որ նրանք չեն ձերբակալվել որսագողության համար, մենք կարողացանք պարզել Ջավախեթի Ազգային պարկից, որտեղ գտնվում է Կարծախ գյուղի Խոզափինի լիճը:
«Մենք չենք ձերբակալել նրանց, եթե մենք խեցգետին հայտնաբերեինք, մենք կկազմեինք արձանագրություն: Նրանք խեցգետին չեն ունեցել: Իմ աշխատակիցներն ինձ հաղորդեցին, որ նրանք խախտել են վարչական սահմանը, նրանք չեզոք գոտում են եղել», – ասաց Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրեւելին:
Բողոքի ընթացքում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը ժամանել է դեպքի վայր: Բանակցություններից հետո բնակիչները ազատել են ճանապարհը եւ ցրվել:
Իսկ, թե ինչու են ձերբակալվել կարծախցի երիտասարդները, կարդացեք մեր հաջորդ նյութում:
Շուշան Շիրինյան