Ախալքալաքի մունիցիպալիտետը 2019 թ.-ին տարբեր պետական գնումների համար հայտարարված տենդերներից ընդհանուր առմամբ խնայել է 580 201 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացնելու, ծառայություններ մատուցելու կամ պետական հիմնարկների համար գնումներ կատարելու ցանկություն ունեցողների ընտրությունն իրականացվում է տենդերների միջոցով: Գնումներն ու ծառայությունները հիմնականում ֆինանսավորվում են տեղական բյուջեից, իսկ ենթակառուցվածքային աշխատանքները, ինչպես տեղական, այնպես էլ պետական բյուջեից և տարբեր հիմնադրամներից:
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կամ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները 5 տոկոսով համաֆինանսավորվում են տեղական բյուջեից:
Էլեկտրոնային գնումների սկզբունքը կայանում է նրանում, որ թափանցիկ մրցակցության օգնությամբ հնարավորինս ցածր գնով կատարել աշխատանքը: Մունիցիպալիտետը հայտարարում է աշխատանքների, ծառայությունների և գնումների համար մրցույթ: Հետո անց է կացվում աճուրդ: Ով տվյալ աշխատանքը կատարում է ավելի փոքր գումարով, նա էլ ստանում է այն կատարելու իրավունքը: Այնուհետև հաղթողը տրամադրում է համապատասխան փաստաթղթերը և ստորագրվում է պայմանագիրը: Այս ընթացակարգերի ընթացքում, փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում, հաղթող ընկերությանը կամ ձեռնարկատիրոջը կարող են որակազրկել:
Մունիցիպալիտետի առաջարկած գումարի և տենդերը հաղթողի առաջարկած գումարի միջև եղած տարբերությունը խնայողությունն է: Չնայած միշտ չէ, որ մեծ խնայողություններն արդյունավետ են, քանի որ այդ դեպքում կարող է տուժել որակը: Մրցույթում հաղթելու համար, հաճախ, գերագնահատելով իրենց հնարավորությունները մասնակիցները չափից շատ են նվազեցնում առաջարկված գումարը: Սակայն, առաջարկվող գումարը ավելի քան 20% -ով իջեցնելու դեպքում ընկերությունը պետք է տրամադրի վկայագիր, որ նա կարող է աշխատանքներն իրականացնել առաջարկված գումարով:
Պետական բյուջեի կամ Տարածաշրջանային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող աշխատանքների համար տենդերներից խնայված գումարները մուտքագրվում են պետբյուջե և Տարածաշրջանային հիմնադրամ, իսկ տեղական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքից տնտեսված գումարները մնում են մունիցիպալիտետում: Խնայված գումարը հավաքվում է, և արդյունքում, տեղական իշխանությունը որոշում է, թե ինչ աշխատանքների ուղղորդել դրանք:
2019 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին, ըստ պետական գնումների կայքի տվյալների, Ախալքալաքի մունիցիպալիտետը տարբեր տենդերներից խնայել է 580 201 լարի: Քաղաքապետարանում մեզ չտրամադրեցին տենդերներից խնայողությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ասելով, որ չեն պահում նման վիճակագրություն: Մեր դիտարկմամբ, 128 տենդերներից միայն 13 -ը չեն իջեցրել նախնական գումարը, մյուս դեպքերում մունիցիպալիտետի առաջարկած նախնական գումարները իջեցվել են: Ամենամեծ խնայողությունը կազմում է 86,000 լարի՝ տեղական ճանապարհների, կամուրջների և արգելապատնեշների վերականգնման նախագծերի կազմման համար հայտարարված մրցույթից: Նախնական գումարը 200 000 լարի էր: Մրցույթին մասնակցել է 5 մասնակից: Այն 114 000 լարիի չափով հաղթել է «Աիդեմի» ՍՊԸ-ն:
Խնայողությունների չափով երկրորդ տենդերը կրկին ինժեներական աշխատանքներից է՝ Ալաթուման-Բեժանո մայրուղու ասֆալտապատման նախագծի կազմումից: Նախնական գումարը 120 000 լարի էր, խնայողությունը՝ 80 000 լարի: Մրցույթին մասնակցել է 12 ընկերություն, և արդյունքում այն 40 000 լարիով շահել է «Ռոդի» ՍՊԸ-ն:
Խորենիա գյուղում խմելու ջրի նոր գծի տենդերից 62 958 լարի է խնայվել: Նախնական գումարը կազմել է 962 928 լարի: Մրցույթը 899 970 լարիով շահել է «Ունիվերսալ Վրաստան 2008»-ը: Մրցույթին երկու մասնակից է եղել:
Մրցույթներից խնայված ամենաչնչին գումարը 54 լարի է: Տենդերը կրկին նախագծերի կազմման է վերաբերում՝ Ախալքալաքի թիվ 1,2,3 մանկապարտեզների, Դիլիսկայի մանկապարտեզի և Ապագայի տան վերականգնմանը: Նախնական գումարը 4067 լարի էր, մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն և 4013 լարիով այն շահել:
Երկրորդ ամենաքիչ գումարը 55 լարի է և կրկին նախագծերի կազմման տենդերներից՝ այս անգամ Չունչխա գյուղի ծիսակատարությունների տան վերականգնման, Ախալքալաքի փողոցների վերականգնման և բազմահարկ շենքերի մուտքերի մոտ օդափոխիչ սարքերի տեղադրման աշխատանքներից:
Վերջին 4 տարիների ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում տենդերներից խնայողությունների վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի.
– 2015-ին խնայվել է մոտավորապես 430 194 լարի
– 2016 թ` 629 513 լարի
– 2017 թ` 607 138 լարի
– 2018-ին, օգոստոսի 17-ի դրությամբ, խնայվել է 348 422 լարի: