Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը մտադիր է բողոք ներկայացնել Հենզել Մկոյանի դեմ, թե որտեղից նա կարող է ունենալ նման մանրակրկիտ տեղեկություններ մանկապարտեզների հաշվապահության գործի հետաքննության վերաբերյալ, ինչպես նաև կնպաստի նրան, որ խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը քննարկի պատգամավորի սեռական ոտնձգության հարցը:
Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանի հայտարարությունը, որում խոսվում է իր նկատմամբ պատգամավոր Հենզել Մկոյանի կողմից սեռական ոտնձգության մասին՝ հասարակության մեջ արձագանք է առաջացրել: Պատգամավորը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Գինոսյանի մեղադրանքները կեղտոտ քաղաքական քայլ է, իսկ ինքը՝ Գինոսյանն ասում է, որ չէր պատրաստվում բարձրաձայնել դա, բայց հիմա նա կանի ամեն ինչ, որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը:
«Ապացուցելու համար, որ ես ճիշտ եմ, ես պատրաստ եմ ստի դետեկտորի, ես կգտնեմ միջոցներ, կվաճառեմ բնակարանս` ստի դետեկտոր նշանակելու համար: Եթե Հենզել Մկոյանը վստահ է, որ նա է ճիշտ, թող գնա ստի դետեկտորին: Ես պատրաստ եմ»,- ասում է նա:
Նարինե Գինոսյանի խոսքերով, պատգամավոր Հենզել Մկոյանի հետ խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր նրա հանձնարարականներին ենթարկվել, իր հրամանով աշխատանքի ընդունել, հրաժարվել էր բենզին գնել այն բենզալցակայաններից, որտեղ սեփականատերերից մեկը Հենզել Մկոյանի եղբայրը` Մարտուն Մկոյանն է: Դիմակայությունը վերածվեց անպարկեշտ առաջարկների:
«Սկզբում նա առաջարկ էր արել ընկերուհուս միջոցով: Երբ նա կտրականապես մերժում ստացավ, անցավ սպառնալիքներին: Եվ երբ հասկացավ, որ ոչ կաշառքները, ոչ էլ սպառնալիքները չեն ազդում ինձ վրա, նա սպառնաց՝ «Դե բռնվիր»: Սկզբում ես չէի մտածում բարձրաձայնել այդ մասին: Դա նվաստացուցիչ է կնոջ համար, որն ունի ընտանիք, մեծահասակ երեխաներ, և ես չէի ուզում ավելորդ խոսակցություններ, բայց հիմա դատի կտամ և կպաշտպանեմ իմ դիրքերը», – ասում է Նարինե Գինոսյանը:
Նարինեն հիշում է, որ հաճախ նրանից պահանջում էին փաստաթղթեր ներկայացնել ստուգման համար: Եվ օրերից մի օր, Սակրեբուլոյի նախագահն առանց աուդիտի եզրակացության, հայտարարեց դրա բացակայության մասին, որ բյուջետային գումարների յուրացում է հաստատվել Մանկապարտեզների միավորումում:
«Ինձ կանչեցին քաղաքապետարան և ընկերական խորհուրդ տվեցին՝ հեռանալ պաշտոնից, ասելով, «բա որ հանկարծ բանտ նստեցնեն»: Բայց, երբ հրաժարվեցի դա անել, նրանք նույն առաջարկով կանչեցին ամուսնուս: Այնուհետև ֆինանսական ոստիկանությունը տարավ 2017-2018 թվականների բոլոր փաստաթղթերը: Կարծում եմ, որ ֆինանսական ոստիկանության և դատախազության որոշ աշխատակիցներ «խոսել» են Հենզել Մկոյանի հետ: Նրանք սկսեցին ճնշում գործադրել ինձ վրա, ճնշում գործադրել իմ վկաների վրա, համոզել ինձ հակառակ ցուցմունք տալ: Այդժամ ես հասկացա, թե ինչումն է բանը», – ասում է նա: