Ախալքալաքում, Աղմաշենեբելի փողոցում, Երևանյան փողոցի խաչմերուկի դիմաց, այգու շինարարության համար սկսվել են մաքրման աշխատանքները:
Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Այս պահին տարածքի մաքրման աշխատանքներ են տարվում:
Առաջին փուլի տենդերն արդեն հայտարարվել է Ախալքալաքի տեղական իշխանությունների կողմից: Տենդերը շահել է Մամիկոն Հովհաննիսյանը` 22 157 լարիի չափով:
Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 75 000 լարի: Ըստ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, աշխատանքների երկրորդ փուլի համար տենդերը պետք է հայտարարվի LAG-ի կողմից:
«Այս փուլում մենք հայտարարեցինք մրցույթի մասին, հաղթողն արդեն պարզ է, մենք վերահսկում ենք աշխատանքները», – ասաց Արմեն Բիչախչյանը:
Նրա խոսքով, նոր այգին կունենա անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ իրենց հարմարավետ զգան:
«Երբ ընթացիկ աշխատանքներն ավարտին կմոտենան, LAG-ը երկրորդ փուլի համար տենդեր կհայտարարի», – ասում է Արմեն Բիչախչյանը:
Ըստ LAG-ի ներկայացուցիչների, նրանք երկրորդ փուլի տենդերի մասին կհայտարարեն, երբ Սպասարկման կենտրոնից կստանան պաշտոնական նամակ այն մասին, որ առաջին փուլի աշխատանքներն արդեն սկսվել են:
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից Աղվան Աբաջյանը Տեղական զարգացման խմբի (LAG) նախագծերի մրցույթին հայտ է ներկայացրել՝ Ախալքալաքի բնակիչների համար նոր զբոսայգի կառուցելու գաղափարով: LAG-ում աջակցել են նախագծի գաղափարը և տեղական բյուջեն ապահովել է համաֆինանսավորումը մոտ 35%-ով: