Ախալքալաքի թիմը Համահայկական 7-րդ խաղերին կմասնակցի օգոստոսի 9-ից սկսած՝ միայն Հայաստանում անցկացվող մրցումներին:
Համահայկական խաղերին ամենաշատ մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանից, որից 47 հոգին կմասնակցեն Ախալքալաքից, 37-ը՝ Նինոծմինդայից: Մասնակիցների ծախսերը հոգում է քաղաքապետարանը:
Օրինակ Ախալքալաքի տեղական բյուջեն շուրջ 30 000 լարի է հատկացրել, 47 հոգու մասնկացությունն ապահովելու համար: 30 000-ից 5 000 լարի հատկացվել է մարզիկների միանման հագուստի, իսկ մնացած 25 000 լարին Երևանում կացության ծախսերը հոգալու համար:
Համահայկական խաղերն աշխարհի տարբեր ծագերում բնակվող հայ երիտասարդների համար լավագույն միջոցներից է՝ միմյանց ճանաչելու և նոր ընկերներ ձեռք բերելու տեսանկյունից:
Համահայկական ամառային 7-րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում:
Սակայն Ախալքալաքի թիմը կմասնացկի միայն Երևանում կայանալիք խաղերին, օգոստոսի 9-17-ն ընկած ժամանակահատվածում:
«Մեր մարզիկները կմասնակցեն բոլոր այն խաղերին, որոնք տեղի կունենան Հայաստանում: Պարզ պատճառներով մենք չենք կարող մասնակցել բացմանը: Ախալքալաքը համեմատել մյուսների հետ սխալ է, քանի որ մեր մասնակիցների ծախսերը հոգում է պետությունը, իսկ մյուս երկրների թիմերը ֆինանսավորվում են համայնքային կառույցների կողմից»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Հավելելով, որ Ախալքալաքը մշտապես մասնակցել է Համահայկական խաղերին և այստեղ գլխավորը արդյունքը չէ, ինչքան հայության շփումը մեկը մյուսի հետ: Այս տարի Ախալքալաքի թիմը Համահայկական խաղերին կառաջնորդի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
«Մենք գումար հատկացրել ենք, պատվիրել ենք հագուստ, որ իրար նման հագած լինեն, Ախալքալաքի գերբով ու ամեն ինչով»,- ասում է Վալերի Ստելմաշովը:
Բանն այն է, որ բազկամարտի և շախմատի մրցումները կընթանան Արցախում, այդ իսկ պատճառով Ախալքալաքի թիմի 7 անդամ, 2 մասնակից բազկամարտից, և 5-ը շախմատից չեն մասնակցի Համահայկական խաղերին: