Սեպտեմբերի 1-10-ը Ջավախքում տեղի կունենա «Հանուն խաղաղ հարևանության» խորագիրը կրող փողոցային արվեստի փառատոն:
Ախալքալաքի «Բաց Սահմաններ» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի համատեղ ֆինանսավորմամբ Ջավախքում կիրականացնեն «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն:
Փողոցային արվեստի փառատոն Ջավախքում առաջին անգամ է անցկացվում, որի շրջանակներում Հայաստանից ու Վրաստանից ընտրված 10 նկարիչ-մասնագետներ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կլինեն Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում: Երևանից և Թբիլիսիից ժամանած Street Art նկարիչների կողմից կանցկացվի 1-օրյա դասընթաց Ջավախքի երիտասարդ նկարիչների համար, ինչպես նաև կպատրաստվեն էսքիզները փողոցների անշուք պատերը նկարազարդելու համար:
«Հանուն խաղաղ հարևանության» խորագիրը կրող փողոցային արվեստի փառատոնի շրջանակներում Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում կպատկերվեն Ջավախքի մեծերի դիմանկարներ և հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող տեսարաններ:
«Փառատոնը առաջին հերթին նպատակ ունի փողոցային արվեստի մշակույթը տարածել Ջավախքում, ինչպես նաև մեր քաղաքին նոր շունչ ու թարմություն հաղորդել, ինչու ոչ նաև քարոզել գրականությունը, երգն ու երաժշտությունը: Ճանաչելի դարձնել Ջավախքի մեծերին»,- ասաց «Բաց Սահմաններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աղունիկ Այվազյանը:
Ջիվանին, Մկրտիչ Սարգսյանն ու Դերնիկ Դեմիրճյանը, Շոթա Ռուսթավելին ու Վահան Տերյանը, Շառլ Ազնավուրը և ջավախքյան ուրիշ մեծեր կդառնան Ախալքալաքի ու Նինոծմինդայի փողոցների մշտական բնակիչները:
Փողոցային արվեստի փառատոնի նկարիչներին տեղում կօգնեն Ջավախքի երիտասարդները: