Մարտի 14-ին Երևանում կայացավ «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանում, Սփյուռքում և Ջավախքում ապրող 300-ից ավելի երիտասարդներ:

Երիտասարդական ժողովին ելույթներով հանդես եկան ՋԱՀ-ի հիմնադիրները, այնուհետև Ջավախքում առկա տարբեր ոլորտների խնդիրների մասին զեկույցներ ներկայացրին ջավախքցի երիտասարդները:

Բացման խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը ներկայացնելով համաժողովի կազմակերպման նպատակների և շարժառիթների մասին՝ շեշտելով, որ իրենց գործունեության հիմական թիրախը երիտասարդությունն է.

-«Հուսով եմ՝ նրանք չեն զիջի ավագ սերնդին իրենց աշխատասիրությամբ, համատեղ կբարձրաձայնվեն հիմախնդիրներ և ծրագրեր կիրականացվեն»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Բարերար, ՋԱՀ-ի հիմնադիր խորհրդի նախագահ Սոս Սահակյանը ներկայացրեց այն բարեփոխումները և ներդրումները, որոնք իրականացվել էին տարբեր հայրենասեր գործիչների կողմից անցած տարի: Վերջին ձեռքբերումներից էր Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Ջավախքում չորս հուշարձանների տեղադրումը:

-«Հայաստանյան գործարարների հետ պատրաստվում ենք երկու նախագիծ կյանքի կոչել՝ շաքարի գործարանի կառուցում և պահածոների, յուղի արտադրության կազմակերպում Ջավախքում»,- նշեց Սահակյանը, միաժամանակ թվարկելով բարերարների անուններ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել ծննդավայրում:

-«Մեր կառույցն ընդդեմ ոչ մեկի չի գործում, առավել ևս ընդդեմ Վրաստանի չի գործում, մի բան որ ցավոք սրտի վրացական իշխանություններն այդ ընկալումը չունեն: Անվստահության զարմանալի մթնոլորտ գոյություն ունի հատկապես Ջավախքում: Մտել է այդ սեպարատիզմի գաղափարը վրաց որոշ շրջանակների ուղեղներ և դուրս չի գալիս: Վրացական իշխանությունները մի պարզ ճշմարտություն պիտի հասկանան՝ մենք անում ենք նաև վասն Վրաստանի և ընդդեմ Ջավախքի թուրքացման, որն, ի վերջո, նշանակում է Վրաստանի թուրքացում և ընդհանրապես քարտեզի վրայից անհետացում», – իր ելույթի խոսքում ասաց Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Վերջինիս զարմանք է պատճառել այն փաստը, երբ ԱՄՆ-ում հանդիպելով հայ աշակերտների հետ, տեսել էր նրանց իրազեկվածության բարձր մակարդակը Ջավախքի և Հայաստանի մասին: «Հայ օգնության միության» «Ջավախք» հանձնախումբը դպրոցին տրամադրել էր մի փոքրիկ գանձանակ, որտեղ ամեն օր աշակերտները հանգանակություն էին կատարում:

-«Սակայն կարևորը նյութական աջակցությունը չէ, այլ բարոյական: Ամենացավալի երևույթը լքված լինելն է»,- կարծիք հայտնեց Աշոտ Մելքոնյանը, ով իրեն դասալիք է համարում:

Երիտասարդ համաժողովականների կողմից առաջարկներ եղան առանձնակի ուշադրություն դարձնել առողջապահության, մշակույթի, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ ոլորտներում առկա խնդիրներին:

Ատամնաբույժ Արթուր Մանուկյանն առաջարկեց հենց Ջավախքում կառուցել ատամնաբուժական կլինիկա նորագույն սարքավորումներով: Երիտասարդը պատրաստ է անձամբ իր ներդրումն ունենալ այս գործում, կազմակերպել և անցկացնել կոնֆերանսներ, վերապատրաստման դասընթացներ հենց Ջավախքում:

Իրավական ոլորտի հարցերով ելույթ ունեցավ երիտասարդ իրավաբան Դավիթ Մկոյանը: Վերջինիս կարծիքով առավել բացիթողի վիճակում է գտնվում ջավախքցիների սեփականության իրավունքի խնդիրները:

-«Մեր իրավական հանձնաժողովը կարող է իրավական ոլորտի սեմինարներ անցկացնել ջավախքում, անհատապես բնակիչների խնդիրներով զբաղվել, և եթե անհրաժեշտություն լինի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ Վրաստանի խորհրդարանում»,- կարծիք հայտնեց Դավիթ Մկոյանը:

Երիտասարդ երգիչ Մավր Մկրտչյանն առաջարկեց Ջավախքում մշակութային փառատոն անցկացնել, որը կհավաքագրի տեղացի տաղանդավոր և հմուտ արտիստներին, պայմաններ ստեղծել լավագույններին կրթության ապահովման հարցում:

-«Ջավախքում մշակութային կյանքը մեռած է: Կան անհատականացված երգի-պարի խմբեր: Նոյեմբերից մինչև ապրիլ Ջավախքում մշակութային միջոցառում անցկացնելը Ջավախքում ուղղակի անտեղի է: 2012թ. դեկտեմբերին մենք համերգ ունեցանք Ախալքալաքում, Նինոծմինդայում և Սուխլիսում: Չեք պատկերացնի՝ ինչ պայմաններում այդ համերգներն անցան: Ցուրտ դահլիճներում կանգնելու տեղ չկար, բայց մենք նստած էինք ջեռուցիչների մոտ, կոնյակ էինք խմում, որ կարողանայինք մի քիչ տաքանալ ու աշխատել: Առաջարկում եմ գոնե երեք համերգային դահլիճի վերանորոգման խնդիր դնել առաջիկայում», – պատմեց Մավր Մկրտչյանը:

Երիտասարդներից մեկը հարցրեց՝ իսկ փորձե՞լ եք դիմել կառավարությանը նման խնդրով:

-«Երբ համերգներից մեկի ժամանակ «դինամիկների» կարիք ունեինք Ջավախքում, խնդրեցինք՝ չտվեցին: Պատճառաբանեցին, թե պետք է դիմում գրեք, և այլն, և այլն: Ի՞նչ եք կարծում, նրանք կարո՞ղ են ինչ որ լուծում տալ խնդրին»,- հարցին հարցով պատասխանեց երգիչը:

ՋԱՀ-ի հիմնադիր խորհրդի նախագահ Սոս Սահակյանը համաժողովականներին տեղեկացրեց, որ այս տարին հայտարարված է Ջավախքում մշակութային օջախների տարի, ավարտել եկեղեցիների վերանորոգման և Հայոց ցեղասպանության հուշարձանների տեղադրման գործընթացը: Անհրաժեշտ է սկսել մշակութային տների վերանորոգման աշխատանքները:

-«Եկեղեցիների էստաֆետից անցում ենք կատարում դեպի մշակութային օջախներ: Մեկնարկը կտրվի Դամալա գյուղից, որտեղ մայիսի 1-ին անցկացվող ամենամյա տոնակատրաությունը կսկսենք ակումբի տանիքը քանդելով»,- ասաց Սոս Սահակյանը:

«Street Workout and Street Lifting» ՀԿ-ի տնօրեն Արթուր Հարությունյանն ու իր գործընկերն առաջարկեցին  Ջավախքում զարգացնել բակային սպորտը: Այսինքն, կառուցել մարզաձողեր բակերում և հնարավորություն տալ տեղի բնակչությանը անվճար մարզվել:

Երիտասարդական համաժողովը նշանավորվեց նաև նրանով, որ տեղի ունեցավ պատմաբան Վահե Սարգսյանի «Ջավախեցի. Կյանքն ու ստեղծագործական ուղին» գրքի շնորհանդեսը:

Առաջիկայում ՋԱՀ-ի ղեկավարությունը Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահի հետ, որից հետո այս ծրագրերը ներկայացնելու են տարբեր նախարարություններ:

Անուշիկ Ստամբոլցյան