Հուլիսի 10-ին Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների քննությունները և կշարունակվեն մինչև հուլիսի 21-ը ներառյալ: Քննություն են հանձնում ոչ միայն գործող ուսուցիչները, այլև ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով՝ ուսուցիչների քննությունների արդյունքները, հավանաբար, օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին հայտնի կդառնան:

Նրա խոսքով՝ 10 հազարից ավել դիմորդ է գրանցվել, որոնք ուսուցիչներ չեն և ուզում են սկսել ուսուցչական կարիերա, իսկ ընդհանուր առմամբ գրանցվածների քանակը 31 500 է: Գորգոձեն հավելել է նաև, որ այս տարվա թեստերում նշանակալի փոփոխություններ չկան, հեշտացված չէ և մոտավորապես նույնն է, ինչ անցած տարի էր:

Հուլիսի 10-ին և 11-ին ուսուցիչները քննություն են հանձնում ընդհանուր ունակություններ առարկայից Ախալքալաքի շրջանի ուսուցիչներից մեկը Jnews-ի հետ զրույցում ասաց.

«Մենք չենք տիրապետում վրացերենին, և իմաստ չունի պատրաստվել ընդհանուր ունակություններ առարկայի քննությանը կամ մասնակցել, իսկ ինչ վերաբերում է մասնագիտականին: Վստահ եմ, մասնագիտականս կկարողանամ բարձր բալերով հանձնել: Բայց, հույս ունեմ, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, գոնե ալտերնատիվ մի միջոց կգտնեն և կկարողանանք այդ կրեդիտները հավաքել: Թե չէ 50-60 տարեկանում լեզու սովորել, որ կարողանաս քննություն հանձնել, անհնար է: 0 բալ ստանալն էլ մի բան չէ, լավ է չմասնակցես»,- ասաց մանկավարժներից մեկը:

Ուսուցիչները ասում են, որ երբ մի քանի տարի առաջ քննությունները մտցվեցին, նախարարությունում խոստանում էին, որ ազգային փաքրամասնությունների համար թեստերը կթարգմանվեն նրանց լեզուներով, սակայն այսօր միայն թույլ են տալիս պատասխանները գրել մայրենիով: Իսկ պատասխանը գրելու համար պետք է հասկանալ առաջադրանքը:

Մեր զրուցակիցներից մեկը հուլիսի 10-ին է մասնակցել ընդհանուր ունակություններ առարկայի քննությանը:

«Ես երեկ եմ մասնակցել քննությանը, 4-5 անգամ պահանջը կարդում էի, որ մի բան հասկանայի, գրել եմ ինչքան կարողացել եմ: Հույս ունեմ, որ կանցնեմ: Երկու հարց եմ անպատասխան թողել, որովհետև չեմ հասկացել»,- պատմում է նա:

Հարկ է նշել, որ հուլիսի 10-ից 11-ն ուսուցիչների իրավասությունը հաստատելու համար գրանցված դիմորդների 81%-ը ներկայացել է քննության: 9-ը հոգի ուշացել է, իսկ 3-ը հեռացվել է քննական սենյակից:

Ուսուցիչների առարկայական քննությունները կավարտվեն հուլիսի 21-ին: