Կրոնի հարցերի գործակալությունը թույլտվություն է տվել վերականգնել Տուրցխ գյուղի եկեղեցու տանիքը:

Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում եկեղեցու տանիքի վերականգնումը դադարեցվել էր ավելի քան մեկ ամիս առաջ, քանի որ աշխատանքներն իրականացվում էին առանց թույլտվության:

Ըստ Սամցխե-Ջավախքի Կրոնի հարցերի գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի, գործակալությունն արդեն տվել է տանիքի վերականգնման թույլտվությունը:

«Մենք էլ ենք ցանկանում հնարավորինս շուտ լուծել այս հարցը, ես երեկ զանգահարեցի Արմեն Մառանգոզյանին և խոսեցի այս թեմայի շուրջ», – ասում է Էլվարդ Զազաձեն:

Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի խոսքով, Տուրցխ գյուղից դեռևս տանիքի վերականգնման համար նախագիծը չեն բերել:

«Մենք սպասում ենք նախագծին։ Երբ այն մեզ մոտ կլինի, մենք անմիջապես կուղարկենք այն Գործակալությանը», ասում է Արմեն Մառանգոզյանը:

Տուրցխում սպասում են ճարտարապետին, որպեսզի նախագիծը կազմեն:

«Մենք սպասում ենք ճարտարապետին նախագիծ կազմելու համար, և այն, հավանաբար, պատրաստ կլինի մի քանի օրվա ընթացքում», – ասում է Տուրցխ գյուղի եկեղեցու հոգևոր հովիվ Անդրեյ Յանիցկին:

Եկեղեցու տանիքը վերանորոգվում է այժմ Ռուսաստանում բնակվող տուրցխեցիների բարեգործական միջոցներով: Տուրցխ գյուղի բնակիչներն ասում են, որ անհրաժեշտ է արագ լուծել թույլտվության հարցը, որպեսզի անձրևների պատճառով եկեղեցու վիճակը չվատթարանա: Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից հետո, մայիսի 16-ին դրանք արգելվել է Կրոնի հարցերի գործակալության աշխատակիցների կողմից:

Բրատիսլավ Իգիթխանյան