Ժնևյան բանակցություններում իրավիճակը բարդ չէ, իրավիճակը բարդ է Վրաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ժնևում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Այսօր Ժնևում ընթանում է Վրաստանի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Սուխումիի և Ցխինվալիի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների 48-րդ փուլը: Սա միակ ձևաչափն է, որտեղ Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են 2008 թվականի օգոստոսյան ռազմական գործողությունների հետևանքները և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Մոսկվայի Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա) անկախության ճանաչման հարցի քաղաքական կարգավորման հեռանկարները:
Ժնևյան բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Գրիգորի Կարասինը: Դիվանագետը գտնում է, որ Մոսկվան Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ Վրաստանի ուղիղ չվերթների վերացումը Թբիլիսիի իրադարձությունների «պատշաճ պատասխանն է»:
«Ցավալի է, որ այս քաղաքական պայքարը դրսևորվեց հակառուսական տրամադրությունների մեջ այսպես, սակայն այս ամենը նշանակալի ազդեցություն չի ունենա Ժնևյան բանակցությունների վրա, որը հիմնականում կենտրոնանում է ավանդական թեմաների վրա, դրանք են՝ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը, միջադեպերի քանակը, այն գործոնների չեզոքացումը, որոնք կարող են բարդացնել իրավիճակը, մարդասիրական հարցերը:
Ես որևէ առանձնահատուկ բան չեմ ակնկալում: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ես դա չէի անվանի պատժամիջոցներ, դա պատշաճ պատասխանն է իմ երկրի դեմ ցուցադրված քաղաքական կոպտությանը», – հայտարարել է Գրիգորի Կարասինը: