Մարգարիտա և Ոսկի Ավագյանները Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղից սովորելու նպատակով գնացել են Թբիլիսի, որոշ ժամանակ անց աշխատանքի անցել Վրաստանի առաջին ալիքում: Քույրերը մտադիր չեն գյուղ վերադառնալ, որոշել են՝ կմնան Թբիլիսում, քանի որ այստեղ հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են:

Ոսկի Ավագյանը 2017 թվականի սեպտեմբերից աշխատում է հայալեզու «Բազմերանգ Վրաստան» խմբագրությունում: Մինչ այդ, առաջին կուրսում աշխատել է նաև «Սպուտնիկ Վրաստան» կայքում, հոդվածներ է գրել ռուսերենով:

Գոհ է աշխատանքից, քանի որ զբաղվում է իր սիրած գործով։ Նրա համար լրագրող դառնալը երազանք էր, միշտ ցանկացել է տեսնել իրեն որպես լրագրող։

Ռիտայի պարագայում ամեն ինչ այլ է: Նա իր աշխատանքային գործնեությունը սկսում է համալսարանի գրադարանից, հետո արդեն տարբեր երիտասարդական կազմակերպություններում և այլն:

Այս պահին զույգ քույրերը միասին աշխատում են Վրաստանի առաջին ալիքում: Մարգարիտան տարածաշրջանային կոորդինատոր է, իսկ Ոսկին լրագրող:

Երկուսն էլ տեսել են Առաջին ալիքի հայտարարած աշխատանքային թափուր հաստիքները, դիմել են ու անցել:

Իրենց գյուղից ու շրջանից հեռու են, բայց ինչպես իրենք են ասում՝ հեռու են, բայց միևնույն ժամանակ շատ մոտ։ Հայրենի գյուղ մշտական վերադառնալու նպատակներ չունեն։

Rita
Մարգարիտա Ավագյան

Ավարտելով Փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցը քույրերը որոշում են Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալ, չնայած այն հանգամանքին, որ իրենց ընտանիքի բոլոր անդամները՝ ծնողները և նրանց ավագ քույրը, կրթություն են ստացել Հայաստանում:

Թբիլիսիում սովորելու միտքը նրանց մոտ ծագել է 8-րդ դասարանում։ Հետաքրքրվել են և տեղեկացել, որ նախարարության կողմից կա ծրագիր, որի շրջանակներում վրացի երիտասարդ ուսանողները գալիս են էթնիկ փոքրամասնություններով բնակեցված վայրեր և մի տարի մնում որևէ ընտանիքում և դպրոցում վրացերեն են դասավանդում:

«Երբ մենք 11-րդ դասարանում էինք, որոշեցինք, որ այդ տարի երիտասարդ ուսուցիչը մնա մեր տանը։ Նինոն մեզ հետ ապրեց ուղիղ մեկ տարի, ում հետ շփվելով, տեղեկություն հայթհայթելով փորձում էինք հասնել մեր նպատակին։ Երևի հենց այդ շփումը շատ օգնեց, որ մենք հստակ վստահ լինենք մեր ընտրության մեջ և հստակ քայլեր անենք», – նշում են Ավագյան քույրերը։

Voski AVAGYAN
Ոսկի Ավագյան

Համալսարան ընդունվելու ժամանակ Ոսկին ցանկացել է կրթությունը շարունակել ռուսերենով: «1+4» նախագիծը չի ընտրել, վրացի երիտասարդների նման հանձնել է չորս քննություն և ընդունվել Թբիլիսիի տեխնիկական համալսարանի լրագրության ֆակուլտետ։

Մարգարիտայի դեպքում, ուրիշ է եղել, նա ընտրել է Նինոյի համալսարանը՝ Իլիայի պետական համալսարանը։ Նինոյի հետ միշտ գնացել է համալսարան և արդեն ինքն իր համար որոշել, որ այդտեղ է սովորելու։ «1+4» ծրագրով ընդունվել նախապատրաստական կուրս։ Առաջին մասնագիտությամբ սլավոնագետ է, իսկ երկրորդ՝ սոցիոլոգ:

Կրթություն ստանալով տարբեր համալսարաններում քույրերը շփվել են տարբեր հետաքրքրություններով ու սովորույթներով մարդկանց հետ: Չնայած նրան, որ ընկերներն ու շփման միջավայրը տարբեր են, մասնագիտությունները ևս, զույգ քույրերը որոշում են միասին աշխատել։ Ժամանակի ընթացքում նրանց համար պարզ է դառնում, որ պետք է մնան Թբիլիսիում։

«Մենք հենց Մարգարիտայի նախապատրաստական կուրսից կարծես արդեն հասկացել էինք, որ պետք է մնանք Թբիլիսիում, մի քիչ գովեմ մեզ՝ աշխատասեր ենք, կարծես զգում էինք, որ կմնանք, այստեղ հնարավորությունները շատ են, ունենք շատ-շատ ընկերներ, ծանոթներ, ովքեր այս ընթացում միշտ մեր կողքին են եղել, սովորեցրել են, օգնել են», – նշում է քույրերից Ոսկին։

Երկուսն էլ ավարտել են բակալավրիատը և ընդունվել մագիստրատուրա։ Թբիլիսիում իրենց շատ լավ են զգում, ունեն սիրած աշխատանք, ընկերներ և կարող են այստեղից օգտակար լինել իրենց շրջանին և գյուղին։

«Փորձում ենք մշտապես օգտակար լինել։ Դա կարող է լինել տեղեկատվություն մայրենի լեզվով փոխանցելը կամ մեկ այլ բան։ Շատ-շատ ենք գնահատում այն մարդկանց, ովքեր կրթություն են ստացել Թբիլիսիում և վերադառնում են իրնեց շրջաններ, գյուղեր, որպեսզի այդ գիտելիքները փոխանցեն, զարգացնեն իրենց գյուղն ու համայնքը։ Այդ գործում ավելի շատ ջանք է հարկավոր ներդնել, քան նրանց համար, ովքեր մնում են Թբիլիսիում»,- ասում են Ավագյանները:

«Մենք այստեղ շատ հարմարավետ ենք զգում, շատ ակտիվ ենք ու մեր ակտիվությունը սահմափակված կլիներ գյուղում։ Մենք ունենում ենք շատ հետաքրքիր օրեր, և գյուղում մեր էներգիան չէինք կարող սպառել, ինչը մեզ կխանգարեր, որ մեզ զգայինք լիարժեք քաղաքացի, մարդ, մասնագետ, մեր մասնագիտությունների մեջ զարգանայինք և հենց այդ ամենը դարձավ պատճառ, որ մնանք։ 7 տարի է Թբիլիսիում ենք»:

Կապը միշտ պահում են Նինոծմինդայի հետ: Եթե ոչ երկու, ապա երեք շաբաթը մեկ, անպայման գնում են, տեղեկացված են բարեկամների մասին:

RITA AVAGYAN
Մարգարիտա Ավագյան

Ինտեգրման հետ կապված խնդիր չեն ունեցել. «Դժվարություններ, որ ասեմ չենք ունեցել, իրականում ավելի հեշտ է տրվել ինտեգրվելը: Երկուսս էլ գիտենք ռուսերեն և Ռիտան անգլերեն, և, եթե հանկարծ բառ էինք մոռանում մինագամից օգնության էին գալիս այդ երկու լեզուները», – ասում է Ոսկին։

Նրանք կարծում են, որ հայ երիտասարդները բավականին ինտեգրված են, այդ պրոցեսը դանդաղ, բայց ընթանում է:

«Իմ կարծիքով ինտեգրման գործընթացը կախված չէ միայն մեր հայ երիտասարներից, այն երկկողմանի է։ Նույն քայլերը պետք է անի վրաց հասարակությունը, այսինքն՝ եթե մենք ծանոթանում ենք վրաց լեզվի, մշակույթի հետ, նույնը իրենք պետք է անեն», – ասում է Մարգարիտան:

Զույգերը նշում են՝ պետք է լինել ակտիվ, պահպանել ինքնությունը, ցույց տալ, որ նույն պետության մարդիկ են և ունեն նույն իրավունքները։ Եվ այդ ամենը չպետք է լինի ցուցադրական:

voski
Ոսկի Ավագյան

Քույրերի յուրաքանչյուր որոշմանը ծնողները միշտ սատարել են, նրանց կողքին են եղել և վստահել, որ կհասնեն իրնեց նպատակներին։ Խնդիր չեն ունեցել երբեք երկուսով Թբիլիսիում մնալու հետ կապված: Ոչ մի սահմանափակում չեն ունեցել, ծնողները հավատացել և հավատում են իրենց աղջիկների ուժերին:

Երկուսն էլ ասում են, չնայած այն փաստին, որ երկվորյակ են, բայց շատ տարբեր են և լրացնում են միմյանց։

Ոսկին ավելի հանգիստ է, երկար մտածող, նրան ժամանակ է հարկավոր։ Ռիտայի դեպքում այլ է, նա միանգամից գործում է, ավելի համարձակ է։ Եվ այդ երկու էներգիան միախառնվում է, ինչը նրանց ուժ է տալիս, որ լինեն լավ քաղաքացիներ Վրաստանի համար, լինեն լավ հայեր և առհասարակ լավ մարդիկ։