Այսօր, հունիսի 27-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը մեկնարկել է Հայաստանի փոխվարչապետ, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Ավինյանի ելույթով:
Ողջունելով նիստի մասնակիցներին` Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Վրաստանի միջև երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն է՝ ընդգծելով, որ հայ-վրացական կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այս համագործակցության խորացմանը։
Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում՝ ընդգծելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են նաև մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը։
Նշվել է նաև, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը նոր և լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման համար, և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները նոր եռանդով կշարունակեն իրենց արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների։
Ելույթի վերջում ՀՀ փոխվարչապետը hայկական պատվիրակության անունից ևս մեկ անգամ ողջունել է վրաց գործընկերներին և մաղթել բոլորին արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Բացման խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մայա Ցկիտիշվիլին: