Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, պնդելով, որ նա թույլատրել է ՌԴ խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խոսել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռից: Իրավապահները ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները՝ պաստառներով և աղաղակներով, մտել են Խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ ընթանում էր միջխորհրդարանական ուղղափառ եկեղեցու 26-րդ ընդհանուր վեհաժողովը:

Այս կերպ նրանք բողոքում են Պետդումայի պատգամավոր, Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի մասնակցությունը և այն փաստը, որ նա նախագահում էր նիստը խորհրդարանի նախագահի աթոռից:

Պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գեորգի Կանդելակին և Սերգո Ռատիանին մոտեցան խորհրդարանի նախագահի համար նախատեսված սեղանին, որտեղից Գավրիլովը գլխավորում էր նիստը:

Նրանց խոսքերով, Ռուսաստանը օկուպանտ երկիր է և գրավողները չպետք է նստաշրջան վարեն: «Նա այստեղ չպետք է նստի», – հայտարարել է «Եվրոպան Վրաստան»-ը և կոչ է արել Գավրիլովին հեռանալ: Այդ ժամանակ խորհրդարանում ընդմիջում էր և Գավրիլովը դահլիճում չէր:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: