Վլադիմիր Պուտինի երրորդ ներխուժումն Ուկրաինա չի լինի ո՛չ «Ղրիմ», ո՛չ էլ «Դոնբաս», դա կլինի զանգվածային, դաժան և վճռական հարձակում։ Նման կանխատեսում է անում ամերիկյան «The National Interest» ազդեցիկ հրատարակությունը, որը մասնագիտացած է միջազգային քաղաքականության ուղղությամբ։

«Դա [ներխուժումը] կլինի սարսափելի, և ընդմիշտ կփոխի Եվրոպան: Կլինեն միլիոնավոր փախստականներ, կսկսվեն խափանումներ էներգետիկ շուկաներում և տնտեսական ճգնաժամեր՝ ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում», – նախազգուշացնում է հոդվածի հեղինակ Ջեֆ Հարթմանը:

Նրա խոսքով, այս պատերազմի հետեւանքներն Արեւմուտքի համար աղետալի կլինեն, սակայն քչերն են դա քննարկում։ «Հենց այսպես սկսվեցին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները», հետևաբար, հեղինակը հակվում է կարծել, որ պահանջվում է ԱՄՆ-ի համարձակ և կենտրոնացված առաջնորդությունը, որը պետք է համախմբի աշխարհը, Ուկրաինայի կողքին կանգնի և համոզի Պուտինին։

Հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի դժբախտությունը կայանում է միայն նրանում, որ վերջինս Ռուսաստանի հետ սահմանակից է։ Պուտինը մի բան է ցանկանում, որ Ուկրաինան լինի իր կամակատարը: Բացի այդ, նա երազում է լինել իր երկրի մեծն ղեկավարների պանթեոնում։

«Այս պատերազմից հետո Ռուսաստանն իր մշտական ռազմական ներկայությունը կհաստատի Բելառուսում, և այդ զորքերը կդիմակայեն Լեհաստանի և Լիտվայի դեմ։ Հետո նա իր ուշադրությունը կսևեռի Վրաստանի վրա»։

Հարթմանի խոսքով՝ հարկավոր է Մոսկվային շատ հստակ պատմել Ուկրաինա ներխուժման հետեւանքների մասին։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ռուսական ագրեսիան ամենաանսպասելի կերպով կփոխի Եվրոպան՝ համախմբելով եվրոպական երկրներին և նոր մարտահրավերներ ստեղծելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։

«Ֆինլանդիան և Շվեդիան հավանաբար կսկսեն մտածել ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Վրաստանի անդամակցության հայտի լուրջ վերանայում կսկսվի։ Հզորացված առաջնագծային ներկայության մարտական խմբերը կարող են ընդլայնվել և ամրանալ: Ռուսաստանի վրա ճնշում կսկսվի գործադրվել՝ Կալինինգրադի մարզում գտնվող մայրցամաքային թիրախավորման կարճ հեռահարության բալիստիկ և թեւավոր հրթիռները դուրս բերելու համար՝ նրան երկարաժամկետ առավելությունից զրկելու համար։

«The National Interest»-ի հոդվածում ասվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ երրորդ ներխուժումն Ուկրաինա իր համար կդառնա փառքի պահ։ «Ռուսներին ու Պուտինին պետք է հստակորեն մատնանշել, որ Ռուսաստանին սպառնացող վտանգը նույնքան մեծ է, որքան և նրանց ծրագրերը»։

Աղբյուրը՝ SovaNews