Այսօր Ախալքալաքի շրջանային դատարանում կայացավ Կորխ գյուղի եկեղեցում առանց թույլտվության եկեղեցու վերականգնման աշխատանքների համար հարուցված վարչական գործի դատավարությունը: Դատական նիստի ժամանակ պարզվեց գործով վկա կա: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 20-ին:
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Յուրիկ Ծառուկյանին մեղադրում է, Կորխ գյուղում՝ մշակութային ժառանգության հուշարձանի՝ XIX դարի եկեղեցում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ սկսելու մեջ:
Գործը քննվում է «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի առաջին մասով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է 5000 լարի տուգանք:
Յուրիկ Ծառուկյանը իրեն մեղավոր չի համարում: Նրա փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը նամակը գրել է բոլոր գյուղացիների անունից և չի մասնակցել որևէ գործողության:
Դատական նիստը տևեց մեկ ժամ, որի ժամանակ պարվեց, տվյալ գործով վկա կա, ով պետք է ցուցմունք տա:
«Դատի ընթացքում նոր փաստեր ի հայտ եկան, պարզվեց վկա կա, նա պետք է կարևոր ցուցմունք տա, վարչական իրավախախտման պրոտոկոլը, ով որ կազմել է ասում է, որ որտեղից դուք իմացաք, որ Ծառուկյանն է իրավախախտը, գյուղացիք, սկզբից չասաց ով է բայց հետո ասաց, որ էլեկտրոնային նամակ են ուղարկել: Հաջորդ դատական նիստին վկային են քննելու: Դատական պրոցեսը շարունակվում է, այս ընթացքում կարող է շատ բան պարզվել, եղած ապացույցներն ուսումնասիրելով վերջնական գնահատական կտա դատավորը»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Յուրա Ծառուկյանի փաստաբան Նոդար Գվարամաձեն:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 20-ին, ժամը 13:00-ին:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են: