Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիների բակերում այսօր՝ հուլիսի 7-ին, անսովոր աշխուժություն էր տիրում, պատճառը Վարդավառի ուրախ տոնն էր։ Սուրբ Էջմիածին և Սուրբ Գևորգ եկեղեցիների բակում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը ուղեկցվեց բարձր տրամադրությամբ և ուրախ հայկական երգերով, ներկաները շուրջպար բռնեցին։
Թբիլիսիում Վարդավառը պարզապես հայկական տոն չէ։ Սա տոն է, որը համախմբում է հայերին, գրավում վրացիների և այցելուների ուշադրությունը: Այն հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալ հայկական ևս մեկ հետաքրքիր ավանդույթի հետ:
Վարդավառը, որն ավանդաբար նշվում է Զատիկից 14 շաբաթ անց, իր արմատներն ունի հեթանոսական ժամանակներից, երբ այն նվիրված էր ջրի, գեղեցկության, սիրո և պտղաբերության Աստղիկ աստվածուհուն: «Վարդավառ» անվանումն առաջացել է «վարդ» բառից՝ խորհրդանշելով տոնի հետ կապված գեղեցկությունն ու ուրախությունը:
Թբիլիսիում Վարդավառը նշում են նույն ոգևորությամբ, ինչպես Հայաստանում՝ արտացոլելով Վրաստանի հայ համայնքի և նրանց ժառանգության միջև առկա մշակութային ամուր կապերը: Այս օրվա կապակցությամբ եկեղեցիների բակերը դառնում են ջրային խաղերի խաղահրապարակ, որտեղ բոլոր տարիքի մարդիկ դույլերով, ջրային ատրճանակներով և ճկուն խողովակներով զինված դուրս են գալիս բակ՝ պատրաստ իրար ջրելու։
Այսօրվա տոնական մթնոլորտն ավելի ընդլայնվեց մշակութային կատարումներով, երաժշտությամբ և հայկական ավանդական պարերով:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: