Այսօր, հունիսի 3-ին, Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Մուրջիի» համերգը, նվիրված ուխտավորներին, ովքեր հունիսի 1-ին սկսեցին Սբ. Նինոյի ճանապարհը Փոկայից մինչև Մցխեթա:
Արդեն մի քանի տարի է, ինչ «Մուրջի» վրացական ազգային պարային համույթը համերգ է կազմակերպում ուխտավորների համար, ովքեր ուխտի են գնում Մցխեթա, և ահա այսօր էլ դահլիճը լեփ-լեցուն էր ուխտավորներով և պարզապես Ջավախքի բնակիչներով, որոնք եկել էին տեսնելու «Մուրջի» համույթի երիտասարդական էներգիայով լցված պարերը: Կայծեր թռան, երբ բեմում սկսվեց սուսերով պարը, պարողները կարծես սավառնում էին բեմում, սահուն շարժվում էին մերթ հպարտորեն, մերթ նրբորեն:
Էներգիան բեմից հորդում էր նույնիսկ այն ժամանակ, երբ մի քանի րոպե լույսերը հանգան, պարողներին դա էլ չկանգնեցրեց, նրանք շարունակեցին պարել ծափահարությունների ձայնի ներքո: Նրանք պարեցին այնպես, որ 2 ժամ տեւողությամբ համերգը կարծես մեկ ակնթարթ էր:
Համույթը նման համերգ է նախատեսում Ախալքալաքում հունիսի 6-ին: Նրանք, ովքեր ցանկանում են տեսնել համույթի տպավորիչ պարերը, հրավիրվում են Ախալքալաքի Մշակույթի տուն: Մուտքն անվճար է:
Քրիստինե Մարաբյան