Աբրահամ Բաբիկյանը երիտասարդ խոհարար է ծնունդով Ծալկայի շրջանի Այազմա գյուղից։ Ինստագրամի հետեւորդների ախորժակը նա բացում է իր խոհարարական բլոգով, որտեղ պատրաստում ու համտեսում է տարբեր ուտեստներ՝ հայկական, վրացական, ավանդական, ազգային… Նա իր առջեւ բավականին բարդ նպատակ է դրել:
Մինչ դպրոցն ավարտելը Աբրահամն ապրել է Ծալկայում։ Նա բազմանդամ ընտանիքից է՝ ինը երեխաներից նա վեցերորդն է: Հենց ընտանիքն էր, որ սերմանեց նրա մեջ ստեղծագործելու սերը:
«Մանկության տարիներին ես երազում էի դառնալ նկարիչ, ճանապարհորդ կամ խոհարար: Հայրս նկարիչ էր, ես նույնպես շատ էի ուզում գնալ այդ ճանապարհով։ Դե իսկ պատրաստելու նկատմամբ սերը տատիկիցս է եկել։ Նա մեծ քանակությամբ էր պատրաստում և շա՜տ համեղ, ես էլ գալիս ու խառնում էի»,- պատմում է նա։
Սակայն ճակատագիրն այնպես դասավորվեց, որ Աբրահամը խոհարարական արվեստին հասավ դժվարին ճանապարհով։ Դպրոցն ավարտելուց հետո նա նախ ընդունվեց ԹՊՀ, որտեղ նախապատրաստական կուրսից հետո պետք է սովորեր ճարտարապետություն։ Սակայն նա մտափոխվեց և 2014-ին տեղափոխվեց Հայաստան, ընդունվեց խոհարարական դպրոց, իսկ 2016-ին ընդունվեց Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղ՝ բանկային գործ ուղղությամբ։
Հայաստան տեղափոխվելու որոշումը, ըստ Աբրահամի, պայմանավորված էր մթնոլորտը փոխելու, ինչ-որ նոր բան փորձելու ցանկությամբ։
Նա խոստովանում է. «Գիտե՞ք, դա կարծեք ճակատագիր լինի։ Եթե ես չմեկնեի Թբիլիսիից, չգայի Երևան, ես չէի լինի այն, ինչ հիմա եմ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ամենայն հավանականությամբ, ես ճարտարապետ կլինեի»։
Աբրահամը պարբերաբար աշխատել է կամ որպես խոհարար կամ այլ ոլորտներում։ Մի օր նա հանդիպեց «Թեժ խոհանոց» շոուի նկարահանումներին մասնակցելու հայտարարությանը։ Նա անցավ նախընտրական փուլը և դուրս հայտնվեց այս շոու-ծրագրում, հասավ մինչև եզրափակիչ և գրավեց 2-րդ տեղը։ Որպես մրցանակ՝ Աբրահամն անվճար կրթության հնարավորություն ստացավ Երեմյանի անվան ակադեմիայում, որն իր ոլորտում լավագույններից է։ 2020 թվականին նա ավարտեց և՛ համալսարանը, և՛ ակադեմիան։
Կարելի է ասել, որ խոհարարական շոուին հաջող մասնակցությունն էր, որ Աբրահամին երկրորդ շունչ տվեց, նոր հետաքրքրություն արթնացրեց խոհարարության նկատմամբ։ 2023 թվականին նա որոշեց մեկնարկել իր խոհարարական բլոգը և մի քանի ամսում ձեռք բերեց 13 000 հետևորդ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինձ շատ սփյուռքահայեր են դիտում՝ լսարանիս մոտ կեսը: Գրում են, որ հոլովակներն իրենց հիշեցնում են մանկության համը, և, որ փորձել են պատրաստել իմ բաղադրատոմսով։ Հիմա ես ավելի շատ հակված եմ բլոգինգին, քանի որ կարծում եմ, որ ապագան սոցիալական ցանցերում է»,- կիսվում է խոհարարը։
Հիմա Աբրահամը որպես խոհարար չի աշխատում, միայն բլոգ է վարում։ Պարբերաբար որպես հրուշակագործ է գումար վաստակում, հանձնում է տանը պատրաստված հրուշակեղենը ռեստորաններին:
«Ամեն ինչ սկսվեց հայկական գաթայից։ Ընկերս սրճարան էր բացել, և նրան խմորեղեն էր պետք: Ավանդական տատիկիս գաթան թխեցի՝ հանձնում էի նրան, իսկ նա վաճառում էր»։
Աբրահամը մեծ քաղցրակեր է, իսկ նրա խոհարարական ոգեշնչումը գալիս է համեղ ուտելիքի հանդեպ ունեցած սիրուց:
«Ես սիրում եմ համեղ ուտել, և ես պատկերացնում եմ, թե ինչն ինչի հետ կլինի համեղ, պատկերացնում եմ, թե ինչպես եմ ես այն ուտում։ Փորձում եմ վերածնել մանկության համերը, հայկականը համադրել ինչ-որ հետաքրքիր բանի հետ, հիշել հին հայկական ուտեստները, փորձում եմ մարդկանց ներկայացնել այն, ինչ սիրում եմ, ինչն ինձ համար համեղ է»,- կիսվում է նա։
Խոսելով Ջավախքի խոհանոցի առանձնահատկությունների մասին՝ խոհարարը նշում է.
«Ջավախքի խոհանոցում այնքան համեմունքներ չեն օգտագործվում, որքան վրացական խոհանոցում։ Այն ավելի պարզ է, ավելի հասկանալի: Դրանում կա սննդի, մթերքի բնական համը, որին հնարավոր չէ հասնել ոչ մի համեմունքով: Ամենից շատ գառան խաշլաման եմ սիրում, մեր միսը շատ համեղ է։ Հայկականի հետ շատ նմանություններ կան, երբեմն տարբերությունը միայն անունների մեջ է։ Մեր նախնիները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանից, ուստի մեր ուտեստներն իրենց խոհանոցին նույնպես շատ նման են։ Գյումրվա խոհանոցի հետ նույնպես նմանություններ կան»։
Աբրահամը կարծում է, որ կարող է գլուխ հանել ցանկացած խոհանոցից, բայց ամենից շատ հայկականից և վրացականից հետո սիրում է իտալական խոհանոցը։ Նրա կարծիքով՝ իտալական և հայկական խոհանոցները նման են նրանով, որ տարբեր ուտեստներ ստեղծված են ոչ թե կոնկրետ մարդու, այլ մարդկանց կողմից, պատմությամբ, ավանդույթներով՝ ի տարբերություն, օրինակ, ֆրանսիական խոհանոցի, որը հիմնականում ստեղծվել է շեֆ-խոհարարների կողմից։
Աբրահամի նպատակն է հայկական խոհանոցը հանրամատչելի դարձնել, հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց:
«Իմ նպատակն է ավելի հետաքրքիր ներկայացնել հայկական խոհանոցը, այն ավելի հայտնի դարձնել, վերածնել այն, քանի որ երբեմն մեր ուտեստները մոռացվում են»: