Դեղորայքի գները 2018 թ. ապրիլի համեմատ 2019 թ. ապրիլին աճել են, մասնավորապես, ճնշման դեմ դեղերը թանկացել են 4,5%-ով, ցավազրկող դեղերը` 1,7%-ով, հակաբիոտիկները` 9,5%-ով, վիտամինները՝ 6,4%-ով, մարսողական համակարգի համար դեղամիջոցները՝ 5,6%-ով, հակաբորբոքային դեղերը` 4,8%-ով:
Բացի այդ, հիվանդանոցային ծառայությունների գներն աճել են 1,8%-ով:
Ակնհայտ է, որ երկրում դեղերի գներն անընդհատ աճում են և այս տենդենցը երկար տարիներ չի փոխվում: Փորձագետ Իրակլի Մաքալաթիայի խոսքով, դրա հիմնական պատճառը երկրի բարձր մակարդակով կախվածությունն է դեղերի ներմուծումից:
«Հարկ է նշել, որ Վրաստանի բնակչության ծախսերի կառուցվածքում առաջին տեղերը զբաղեցնում են սննդամթերքը եւ դեղորայքը: Ըստ այդմ, բնակչությունը դեղերի վրա ծախսում է իր եկամտի զգալի մասը: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք աճում են այն պատճառով, որ տեղական արտադրությունը շատ թույլ է, եւ երկիրը լիովին կախված է դեղորայքի ներմուծումից: Երկրորդ պատճառը մի քանի խոշոր ընկերությունների շուկայում գերիշխողությունն է, որոնք գները միմյանց միջեւ համաձայնեցնում են: Փոքր եւ միջին խաղացողները չեն կարող ընդհանուր առմամբ ազդել իրավիճակի վրա թուլության պատճառով», – կարծում է տնտեսագետը:
Միեւնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով, 2019 թ. մարտի համեմատ, ապրիլին, դեղամիջոցները թեկուզև չնչին, սակայն էժանացել են: Մասնավորապես, ճնշման դեմ եւ ցավազրկող դեղերի գինը նվազել է 0,03%-ով, վիտամինները` 0,11%-ով, մարսողական համակարգի համար դեղամիջոցները՝ 0,07%-ով, հակաբորբոքային դեղերը` 0,08%-ով:
Միակ կատեգորիան, որտեղ պաշտոնական տվյալներով, ապրիլին մարտի համեմատ դեղորայքը թանկացել է՝ հակաբիոտիկներն են, դրանց գնաճը 0,02% է:
Այդ ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայությունները էժանացել են 0,15%-ով: