Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի և քաղաքապետարանի համատեղ գործողությունների արդյունքում, երեք գյուղերից հեռացվեց տարիներով հավաքված կենցաղային աղբը:
Արդեն մի քանի օր է Սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրում են Ախալքալաքի շրջանի Մերենիա, Բուղաշեն և Էխտիլա գյուղերում տարիներով կուտակված աղբը: Պատասխանատու կազմակերպությունից վստահեցնում են, որ ավելի քան 140 մ³ աղբ է հեռացվել երեք գյուղից:
Աղբակույտերը՝ գյուղերի այցեքարտ
Գյուղերի մուտքերը ոչ թե ցուցանակով են դիմավորում, այլ աղբակույտով
«Սպասարկման կենտրոնը քաղաքապետարանի հետ որոշում է կայացրել, որ մեր կենտրոնի ջրի ստրուկտուրային հատկացված ավելցուկային գումարը, որը կազմում է 3200 լարի, հատկացնել գյուղերից աղբը հեռացնելուն: Մեր կողմից ընտրվել է 3 գյուղ, որտեղ ամենավատ վիճակն է, մաքրել են Էխտիլա գյուղի գետը, որի երկյանքով մեկ աղբ էր, գրեթե 60 մ³ աղբ ենք հանել գետից»,- ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
3200 լարիով երեք գյուղից դուրս է բերվել 140 մ³ աղբ, որից 60 մ³ Էխտիլա գյուղից, 40 մ³ Բուղաշենից և նույնքան Մերենիա գյուղից:
Նշենք, որ աղբահանությունը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերում լավագույն դեպքում տարին մեկ անգամ է իրականացվում: Ծայրամասային գյուղերն առավել անտեսվածներն են: Այստեղ բնակիչներն իրենց ուժերով են աղբահանություն իրականացնում՝ «սեփական տնից հեռու» սկզբունքով:
Աղունիկ Այվազյան