Ախալքալաքի-Բակուրիանիի մայրուղուց մինչև Խանդո գյուղի ճանապարհահատվածը վերանորոգվում է: Որոշ տեղերում ասֆալտապատումն ավարտված է, որոշ հատվածներում մնում է վերին շերտը գցել: Խանդոյի բնակիչները, որոնք ավելի վաղ դժգոհ էին աշխատանքների որակից, այժմ չեն արտահայտում իրենց դժգոհությունը:
«Արալի» ընկերության ներկայացուցիչ Բեսո Սանդոձեն ասում է, որ Խանդո գյուղի հատվածում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Մենք ավարտել ենք մեր աշխատանքը, խնդիրներ չեն եղել, որոշ տեղերում կան կտրտված հատվածներ, դա արվել է փորձագետների կողմից ստուգման ընթացքում», – ասում է «Արալի» ընկերության ներկայացուցիչ Բեսո Սանդոձեն:
Ներկայումս ընկերությունը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Օրջա գյուղում:
Բեսո Սանդոձեի խոսքով, դեռևս աշխատանքները կատարվում են, այժմ նրանք Օրջա գյուղում պիտի ասֆալտապատեն երկրորդ շերտը և զուգահեռաբար փոսալցվելու են Խանդոյի հատվածի կտրտված մասերը:
Շարունակվում են Օրջա, Խանդո, Վարևան, Ալաստան և Կոկիո գյուղերը կապող ճանապարհի վերականգնման աշխատանքները: Վերանորոգման համար տենդերը հայտարարվել էր 2018 թվականի հոկտեմբերի 5-ին: Աշխատանքներն իրականացվում են «Արալի» ընկերության կողմից:
Վերակառուցված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 8,558 մետր, իսկ աշխատանքի համար հատկացված գումարը` 2,654,956 լարի:
Վերանորոգման աշխատանքները վերջնականապես պետք է ավարտվեն մինչև 2019 թ. նոյեմբերի 20-ը:
Երկու ամիս առաջ Խանդոյի բնակիչները բողոքում էին և ասում, որ աշխատանքներն անորակ են իրականացվում, նրանք մշտապես հետևում և «վերահսկում» էին շինարարների կատարած աշխատանքը: Բնակիչներն ու շինարարները եկան ընդհանուր համաձայնության: