№1 նախկին զինվորական ավանում ամենուր աղբ է, և հակասանիտարական վիճակ: Դրանում ավանի բնակիչները մեղադրում են մաքրող կազմակերպությանը, իսկ վերջինս իր հերթին մեղադրում է բնակիչներին:

Երբեմնի զինվորական ավանից, ուր մարդիկ գնում էին որպես Ախալքալաքի տեսարժան վայր, և որը եղել է մաքրության օրինակ, ոչինչ չի մնացել: Հակասանիտարական վիճակի և ամենուր լցված աղբի պատճառով մարդիկ տհաճությամբ են մտնում զինվորական ավան:

Եվ դա սկսվում է հենց մուտքի մոտից: Նախ մարդիկ չեն օգտվում սովորական մուտքից՝ հսկիչ անցակետից: Նրանք զինվորական ավան են մտնում կարճ ճանապարհով, կրճատելով հիմնական ճանապարհը 10-ից մինչև 20 մետր, բարձրանալով վերելք, որը «կորած» է աղբի ու ցեխի մեջ և գտնվում է զուգարանի մոտ: Ձմռանը և անձրևոտ եղանակներին այն դժվարանցանելի է լցված աղբի և անանցանելի ճանապարհի հետևանքով, իսկ ամռանը ավելանում են նաև կուտակված աղբի տհաճ հոտերը: Սակայն միևնույն է մարդիկ շարունակում են անցնել այդ ճանապարհով:

Ջրանցքները և բնակելի տների հարակից տարածքները լցված են կենցաղային աղբով: Մարդիկ աղբը լցնում են որտեղ պատահի, չմտածելով, որ նրանք էլ են այդ ճանապարհով գնում-գալիս:

zibil2
Ավանի հակասանիտարական վիճակի մեջ բնակիչները մեղադրում են ՍՊԸ «Սանմաքրում»-ին, որը պատասխանատու է ավանի տարածքի մաքրման համար, իսկ ընկերությունը մեղադրում է բնակիչներին աղբը ամեն տեղ լցնելու համար: Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ մեղավոր են: ՍՊՀ «Սանմաքրում»-ը բավարար չի մաքրում, իսկ բնակիչներն էլ ոչ միշտ են բարեխիղճ:

Մեզ հետ զրույցում ավանի բնակիչները ընդունում են, որ տարածքի կեղտոտման հարցում տարածքում ապրող մարդիկ էլ են մեղավոր, սակայն ոչ ոք չի ընդունում այն փաստը, որ կոնկրետ ինքն էլ է մեղավոր կեղտոտման հարցում և միշտ մեղադրում է ուրիշին: Բայց մյուս կողմից էլ փորձում են գտնել արդարացում, ասելով, որ աղբահավաք մեքենան ոչ հաճախակի է անցնում ավանի միջով:

Ըստ մաքրող ընկերության և շրջանի Վարչության միջև կնքված պայմանագրի, այս տարի նախատեսված է նախկին զինվորական ավանի տարածքը տարին չորս անգամ մաքրել (20000 քառ մ տարածք): Քաղաքի 10 փողոց ամենօրյա մաքրման, 8 փողոց՝ 10 օրը մեկ և նախկին զինվորական ավանի պուրակների և կանաչապատ տարածքների տարին 4 անգամ մաքրման համար նախատեսված է 60 հազար լարի:

Ըստ «Սանմաքրում» ընկերության տնօրեն՝ Պարգև Յորդանյանի, զինվորական ավանի մաքրման հարցը շատ սուր է ու առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել 20 տարվա ընթացքում կուտակված աղբը: Ըստ նրա, այդ աղբի դուրս բերման համար նրանց անհրաժեշտ է վարձակալել լրացուցիչ տեխնիկա:

««Շանխայ» կոչվող հատվածում կուտակված է 30-ից 40 մեքենա աղբ: Շուրջ 20 տարի է ավանի այդ մասի բնակիչները աղբը թափում են նախկին Աշխատանքային շինարարական խմբի շենքի պատի տակ: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է այդ աղբը դուրս բերել, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում: Մենք երևի ապրիլի սկզբներին սկսենք նախկին զինվորական ավանի տարածքից աղբի դուրս բերումը: Պոլիէթիլենային տոպրակները նույնպես տարածքից կհավաքենք»,- ասաց Պարգև Յորդանյանը:

Նախկին զինվորական ավանին հավաքարար չի նախատեսված: Ըստ ՍՊԸ «Սանմաքրման» տնօրենի խոսքերի, այնտեղ բնակվող մարդիկ նույնպես պետք է իրենց շենքի հարակից տարածքը մաքրեն, որտեղ պատահի աղբը չթափեն, հետևեն իրենց բակերի մաքրությանը:

«Սանմաքրում» ընկերությունը ներկայումս ունի 6 հավաքարար և երկու բեռնող: Պարգև Յորդանյանը գտնում է, որ այդքան աշխատողը բավարար չէ, որ քաղաքը և նախկին զինվորական ավանը պահվի մաքրության մեջ:

Հարկ է նշել, որ Վրաստանը ընդունել է «Թափոնների մասին» օրենսգիրքը, ըստ որի նախատեսվում է բնակիչների տուգանում աղբը ոչ համապատասխան վայրում թափելու համար: Յորդանյանը դա ճիշտ մոտեցում է համարում. «Մինչև մարդկանց գրպանին չխփես, մարդիկ չեն դադարի շրջակա միջավայրը կեղտոտել»:
zibil1

Շուշան Շիրինյան