Մարդու անվտանգության դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում, Ճապոնիայի դեսպանությունը 56,000 ԱՄՆ դոլար է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետին՝ նոր աղբատար մեքենա գնելու համար, իսկ մյուս աղբատար մեքենան գնելու համար տեղական բյուջեում նախատեսված միջոցները ծախսվելու են հատուկ կոնտեյներների ձեռքբերման վրա:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, նոր աղբատար մեքենան կլինի «MAZ» մակնիշի՝ աղբի բաց տարայով: Գյուղերում սովորական աղբարկղերի փոխարեն կտեղադրվեն այս մեքենայի մեծ կոնտեյներները:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, տեղական բյուջեից կավելացվի 56,000 ԱՄՆ դոլար գումարի 20%-ը, ինչպես նաև նոր աղբատարի համար բյուջեի միջոցներով ձեռք կբերվեն եւս մի քանի աղբի կոնտեյներներ:
Նշենք, որ աղբատար մեքենա գնելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից հատկացվել էր 280 000 լարի, սակայն Ճապոնիայի դեսպանության հետ համաձայնագիր ստորագրելուց հետո որոշվել էր այդ միջոցներն օգտագործել նոր աղբատար մեքենայի համար կոնտեյներներ ձեռք բերելու նպատակով:
Քաղաքապետի խոսքով՝ մոտ օրերս ճապոնացիները 56 000 ԱՄՆ դոլար գումար կփոխանցեն, որից հետո կհայտարարվի նոր աղբատար մեքենա և աղբամաններ գնելու էլեկտրոնային մրցույթ: Սակայն, դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության խնդիրը միշտ արդիական է: Գյուղացիները չգիտեն, թե որտեղ թափեն աղբը, նրանք այն թափում են անտառում, գյուղերի ծայրամասերում կամ հենց գյուղում՝ ստեղծելով արհեստական աղբավայրեր: Թեպետ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Սպասարկման կենտրոնից, այս խնդիրը կլուծվի: