Փոկայում սպանված 33 տարեկան անձի սպանության գործում եղած տվյալների համաձայն, մահացածը փորձել է սպանել մեղադրյալին։ Այս մասին տեղեկացնում է sknews.ge լրատվականը:
Մայիսի 16-ին Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի ունեցավ Փոկայում կատարված սպանության մեջ մեղադրյալի նախադատական նիստը, որտեղ դատախազը և մեղադրյալի փաստաբանն ապացույցներ ներկայացրին դատավորին։
Մեղադրյալի փաստաբան Ավթանդիլ Թելիաշվիլին որպես ապացույց է ներկայացրել սպանությունից երեք ամիս առաջ մահացածի և մեղադրյալի միջև տեղի ունեցած դեպքի հետ կապված նյութեր։ Փաստաբանը դատական ընթացքին բացատրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Խ․ Թ․ (մահացած) պատրաստվում էր սպանել իր պաշտպանյալին։ Նրա խոսքերով, Խ.Թ.-ն դրանից հետո կրկին սպառնացել է մեղադրյալին, որ կսպանի նրան: Դրանից հետո սպանվածը ձերբակալվել էր, սակայն ազատ էր արձակվել 3000 լարի գրավի դիմաց:
«Ուզում եմ, որ այն ժամանակվա դատական գործի ցուցմունքներն այստեղ կարդան։ Գերեզմանոցում տեղի ունեցած դեպքի ժամանակ, Խ․Թ․-ն վիրավորել էր իմ պաշտպանյալին։ Սա կարևոր փաստ է։ Եթե այն ժամանակ այդ մարդը սպառնացել էր սպանել նրան, ուրեմն սպանության օրն էլ կկարողանար։ Իմ պաշտպանյալը ինքնապաշտպանվել է։ Բացի այդ, պետք է նաև օգտագործեմ այն փորձաքննությունները, որոնք այն ժամանակ անցկացրել էր իմ պաշտպանյալը», – հայտարարել է Թելիաշվիլին։
Դատախազ Մամուկա Քոմոշվիլին վիճարկել է փաստաբանի կողմից ներկայացրած ապացույցները, սակայն դատավորը հաշվի չի առել Մարիկա Չիտաշվիլու խոսքը։
Ձերբակալվածը մեղադրվում է Վրաստանի ՔՕ 108 և 236 հոդվածներով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է 7-15 տարի ժամկետով ազատազրկմամբ և «զենքի անօրինական պահպանում – օգտագործում»։
Մեղադրյալ Գ․Մ․-ն մեղադրանքն ընդունում է մասամբ։
2018 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված դատական նիստի ժամանակ մեղադրյալն ասել էր, որ հոգեկան խիստ հուզմունքի մեջ է եղել և չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել։ Նրա խոսքերով մահացածը միշտ ծիծաղել է իր վրա և հորդորել իր ընտանիքին թողնել գյուղը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին ժամը 13։00-ին։
2018 թվականի դեկտեմբերի 3-ին, կեսօրից հետո, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում, գյուղի հասարակական տան մոտ, իր համագյուղացու կողմից սպանվել է 33-ամյա Խ.Թ.-ն:
Կատարվածից հետո համագյուղացիները մեղադրյալի երկու տունն ու չորս ավտոմեքենաներն այրել են։ ՆԳՆ-ն նաև հետաքննում է հրդեհի գործը՝ «Ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով: