Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի բնակիչը դիմել է Jnews-ի խմբագրությանը, որպեսզի ելք գտնեն գյուղում կուտակված աղբը հեռացնելու հարցում: Քաղաքապետի խոսքերով, տեղեկատվությունը ճշտելուց հետո համապատասխան արձագանք կլինի քաղաքապետարանի կողմից:
«Իմ խնդրանքը վերաբերում է աղբահանության խնդրին, որը մեր գյուղում անլուծելի և անուղղելի խնդիր է: Մեծ Խանչալի գյուղի 8 փողոցի ներքնամասում կա փոքրիկ առվակ: Այդ առուն լցված է աղբով, կուտակված աղբն անտանելի է, որը մեր հողատարածքի սահմանում է: Դա մեր մեղավորությունը չէ, չգիտենք որտեղից է գալիս և ովքեր են կեղտոտում բնությունն ու շրջապատը», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի բնակիչ Լուսինե Շահբազյանը:
Նա մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց, որ իր հնարավորությունների սահմանում մաքրել է կուտակված աղբը, սակայն դա խնդրի լուծման ելք չի կարող լինել, քանի որ մարդիկ շարունակում են նույն գործելաոճով՝ աղբը թափում են, ուր որ պատահի:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը տեղեկանալով խնդրի մասին ասաց. «Գյուղի բնակիչները հենց իրենք ենք կեղտոտում: Այստեղը խնդիրն իրենց բնակիչների հետ է, որովհետև ուրիշ գյուղ չկա շրջակայքում և իրենք են թափում: Թե երբ միջոցներ կձեռնարկվեն չեմ կարող ասել, մենք դեռ ինֆորմացիա չունենք, կճշտենք և համապատասխան արձագանք կլինի մեր կողմից»,- ասաց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ստորև ներկայացնում ենք Լուսինե Շահբազյանի ուղարկած լուսանկարները: