Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեց տարի շատանում են Ջավախքից ուսանողների թիվը1 Նրանք ընտրում են տարբեր մասնագիտություններ և գրանցում բարձր առաջադիմություն: Բացառություն չէ նաև բժշկության ոլորտը և վերջին տարիներին աճող հետաքրքրությունն այդ ոլորտի նկատմամբ:

Jnews-ը զրույց է ունեցել այս պահին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի տարբեր կուրսերի ուսանողների հետ:

Ախալքալաքից Գոհար Ասլանյանը նախնական կրթությունն ստացել է Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում: 2017 թվականին «1+4» ծրագրով ընդունվել է ԹՊԲՀ և մեկ տարի սովորելով վրաց լեզվի նախապատրաստական կուրսն ընտրել է ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Այժմ նա սովորում է հինգերորդ կուրսում և կրթաթոշակ է ստանում Հայ Կրթական Հիմնարկության կողմից: Գոհարի խոսքով, հիմնական դժվարությունները սկզբնական շրջանում են եղել՝ կապված պետական լեզվի չիմացության և ինտեգրման հետ, բայց ժամանակի ընթացքում ամեն բան հաղթահարել է:

«Դեռ մանկուց ցանկություն եմ ունեցել դառնալ բժիշկ, որը համընկնում էր նաև ծնողներիս ցանկության հետ: Իմ երազանքը, ծնողներիս խրախուսանքն ու հավատն էին, որ մոտիվացնում է ինձ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու քայլել երազանքիս հետևից: Այս պահին ցանկությունս մեծ է, որ համալսարանն ավարտելուց հետո կրթությունս շարունակեմ ալերգոլոգիա-իմունոլոգիա ուղղությա, քանի որ այդ ոլորտի խնդիրները բավականին շատ են,բոլոր մասնագիտությունների մեջ էլ կան բարդություններ,բայց մեծ ցանկության դեպքում ամեն բան հաղթահարելի է»:

gohar

Գոհարը կարծում է, որ Ջավախքում կան լավ մասնագետներ, բայց դրա հետ մեկտեղ կան ոլորտներ, որտեղ զգացվում է մասնագետների կարիք, իսկ ինչ վերաբերվում է իր հետ վերադառնալուն ասում է՝ ապագայի հետ կապված որոշումներ դեռ չի կայացրել:

«Որպես ապագա բժիշկ խորհուրդ եմ տալիս բոլորին հետևել սեփական առողջությանն ու չսպասել բարդությունների առաջ գալուն, այլ դիմել համապատասխան բժշկի և նախապես կանխարգելել հիվանդությունը»:

Գոհարը պրակտիկա է անցել տարբեր կլինիկաներում, բայց Covid 19-ի ժամանակ մեծ եռանդով աշխատել է Թբիլիսիի խոշոր լաբորատորիաներից մեկում Megalab-ում, որտեղ PCR թեստեր է վերցրել: Ինչ վերաբերվում է ազատ ժամանակին, ապա Գոհարը սիրում է զբաղվել ձեռագործությամբ, փաթեթավորել նվերների տուփեր, ինչպես նաև կոլեկցիաներ հավաքել:

ԹՊԲՀ-ում է սովորում նաև մեր մյուս հերոսուհին: Ֆիալիկ Չոփուրյանը Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղից է, այժմ սովորում է 6-րդ կուրսում: Ավարտելով գյուղի հանրային դպրոցը 2016 թվականին ընդունվել է համալսարան, և ինչպես ինքն է ասում՝ նախապատրաստականում առանձնապես մեծ դժվարություն չի ունեցել: Ինչը չի կարող ասել առաջին կուրսի մասին, որը դժվար է եղել, քանի որ ինտեգրման և լեզվի լիարժեք իմացության խնդիր է ունեցել: Սակայն այդ ամենն ընդամենը ժամանակի հարց է եղել և կարճ ժամանակ անց նա կարողացել է դուրս գալ այդ սթրեսային իրավիճակից և ուսմանը նոր ընթացք տալ:

«Ճիշտն ասած բժշկական ընդունվելը չի եղել իմ մանկության երազանքը, բայց քանի որ մտածում էի ունենալ այնպիսի մասնագիտություն, որը հետագայում պիտանի կլինի՝ թե հասարակությանը, թե իմ ընտանիքի համար որոշեցի ընտրել բժշկությունը։ Այս ընթացքում ինձ մոտիվացնող շատ հանգամանքներ կային, որոնցից ամենակարևորը ծնողներիս ունեցած վստահությունն ու հավատն էր: Համալսարանն ավարտելուց հետո մտածում եմ ուսումս շարունակել էնդոկրինոլոգիայի ուղղությամբ»։

Ֆիալիկը մտածում է, որ Ջավախքում իրոք առկա է բժիշկների պակաս, որի պատճառն աշխատանքային ոչ բարելավ պայմաններն են։ Ինչ վերաբերվում է կրթությունն ավարտելուց հետո հետ վերադառնալուն, մեր հերոսուհին հստակ ոչինչ ասել չի կարող:

fiala

«Դիմորդներիին, ովքեր ցանկանում են սովորել բժշկականում, խորհուրդ կտամ չվախենալ և ցանկացած դժվարության դեպքում շարժվել առաջ և առաջնորդվել այն սկզբմունքով, որ եթե այս ամենը հաղթահարել է ինչ-որ մեկը, ապա կհաղթահարեմ նաև ես: Որպես ապագա բժշկուհի մեր հասարակությանը խորհուրդ կտամ ցանկացած՝ անգամ չնչին առողջական խնդրի դեպքում դիմել բժշկի, քանի որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում բուժումն ավելի արդյունավետ է հիվանդության սկզբնական շրջանում և ինչու չէ, նաև խորհուրդ կտայի օգտվել երկրում առկա անվճար սկրինինգ հետազոտություններից, որի դեպքում հնարավոր կլինի մի շարք հիվանդությունների բացահայտումը և կանխարգելումը»։

Ֆիալիկը 2019-2022 թթ․ աշխատել է Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում: Այս պահին չի աշխատում, ազատ ժամանակ սիրում է ֆիլմեր դիտել, կարդալ, և զբոսնել ընկերների հետ։

Իսկ Նանո Ջաղացպանյանը՝ ծնունդով Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղից արդեն էնդոկրինոլոգիայի երրորդ կուրսի ռեզիդենտ է, նա նույնպես անցել է նույն բարդությունների միջով և շատ կարճ ժամանակ է մնացել կրթությունն ավարտելու և իր երազած մասնագիտությունն ունենալու համար: Նախապատրաստական ընդունվելու ժամանակ ուզեցել է լրագրող դառնալ, բայց դսախոսներից մեկը մի անգամ ասել է, որ իրենից լավ բժիշկ դուրս կգար, որն ճակատագրական է եղել նրա համար:

Նանոյի կարծիքով Վրաստանի յուրաքանչյուր շրջանում էլ լավ մասնագետների կարիք կա: Ի տարբերություն մեր նախորդ հերոսուհիների Նանոն որոշում է կայացրել, թե որտեղ է պատրաստվում աշխատել, նա հետ է կվերադառնա և աշխատի իր շրջանում: Համոզված է, որ սխալ կարծրատիպ է տարածված այն մասին, որ շրջաններում հնարավոր չէ որակյալ բուժում ստանալ և դրա պատճառը բժշկի և պացիենտի ոչ լիարժեք կոմունիկացիայի այդյունք է:

nano

Ազատ ժամանակ մեր հերոսուհին սիրում է ինքնակրթությամբ զբաղվել, նոր լեզուների ուսումնասիրությամբ, ֆիլմեր է դիտում, դաշնամուր նվագում, մասնակցում տարբեր կոնֆերանսների, ինչպես նաև կիսում իր գիտելիքներով կրտսեր կոլեգաների հետ: