Ախալքալաքի շրջանի շուրջ 250 երեխա 15 օրվա ընթացքում իրենց ցերեկային հանգիստը կանցկացնեն «Տավշան թափա» բլրի ստորոտին:
Այսօր, հուլիսի 21-ին բացվեց ամառային «Տավշանկա» ճամբարը, որը արդեն 8 տարի է ամռան 30 օրերի ընթացքում գործում է «Տավշան թափա» բլրի ստորոտին, Թափարվան գետի ափին:
Ինչպես և անցած 7 տարիների ընթացքում ճամբարը աշխատում է երկու հոսքով, յուրաքանչյուրում՝ 125 երեխա: Ճամբար ընդունում են 7-ից 14 տարեկան երեխաներին: Նրանց հետ զբաղվում և ժամանցը կազմակերպում է 5 ջոկատավար: Երեխաներին ճամբար են տանում ավտոբուսով Ախալքալաքի Մշակույթի տան մոտից ժամը 11:00 –ին և ետ բերում ժամը 16:00-ին: Ճամբարի սնունդը ու երեխաների առողջական վիճակը հսկում է փորձառու բուժքույրը: Ճամբարում երեխաներին կերակրում են մեկ անգամ: Նրանց սնունդը ապահովում է անհատ ձեռներեց՝ Կարեն Ստելմաշովը, ով հաղթել է մրցույթը, որը հայտարարել էր Ախալքալաքի Վարչությունը: «Տավշանկա» ճամբարի երեխաների օրական մեկ անգամյա սնուդը ապահովելու համար տեղական բյուջեն հատկացրել է 20815 լարի:
Ախալքալաքի շրջանի Վարչության սպորտի և մշակույթի բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովի խոսքերով, այս տարի ճամբարի առօրյա կյանքում առանձնակի նորույթ չունեն նախատեսած:
«Մենք ուզում էինք կառուցել փակ, ծածկապատ տարածք(նավես), սակայն բյուջեն չկարողացանք շատացնել: Ջուրը տանում ենք բալոններով: Զուգարան չկա, երկու անգամ կառուցեցինք, սակայն ջարդեցին տարան: Իհարկե, պայմանները այն չեն, ինչ մենք ուզում էինք ունենալ, բայց սուղ բյուջեն ավելին թույլ չէր տալիս»,- ասում է Վալերի Ստելմաշովը:
Չնայած այս բոլոր անհարմարություններին երեխաները հաճույքով են գնում ճամբար, ցանկացողների թիվը շատ է: Շատերը արդեն 8-րդ տարին է անընդմեջ գնում են:
Սրափյան Սուսաննան արդեն 8-րդ տարին է ամռանը հաճախում է «Տավշանկա» ճամբարը:
«Ինձ ճամբարը դուր է գալիս նրանով, որ բնության գրկում է: Շատ հաճելի է բնության մեջ»,-ասում է Սրափյան Սուսաննան:
Եղոյան Լիանան սովորում է 6-րդ դասարանում, նրան այստեղ ամեն ինչ դուր է գալիս, հատկապես երեխաների ջերմությունը և ջոկատավարների սիրալիրությունը:
Իսկ Խաչատրյան Սյուզաննան սովորում է 3-րդ դասարանում և նա այս տարի առաջին անգամն է գալիս ճամբար:
Ճամբարի առաջին օրը սկսվեց տարածքը մաքրելով: Այնուհետև երեխաներին ջոկատավարները բաժանեցին գլխարկ: Երեխաները այստեղ ոչ միայն խաղում են, այլև սովորում են հայկական պարեր ու երգեր:
Շուշան Շիրինյան