81 տարեկան Մառուսյա Քեշիշյանը 30 տարի է մենակ է ապրում կիսաքանդ տան մեջ:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ապրում է Մառուսյա տատիկը: Մոր և եղբոր մահվանից հետո արդեն 30 տարուց ավելի է մենակ է ապրում: Մառուսյա Քեշիշյանը չի ամուսնացել և ապրել է եղբոր ընտանիքի հետ: Սակայն եղբոր և եղբորորդու մահվանից հետո կյանքը շրջադարձային կերպով փոխվել է: Յուրաքանչյուր բառ արտաբերելիս աչքերն արցունքով են լցվում:

«Նը քուր ունիմ, նը քուրոջ տղա ունիմ, նը ախբար, սաղ հիվնդցան մեռան, ըսեք ի՞նչ ենեմ, ու՞ր երթամ: Հնարմ երեք ծերանոց տարեք»,- ասաց նա:

Ախալքալաքում ծերանոց չկա, և առհասարակ Ջավախքում ընդունված չէ ծերանոց գնալ: Ախալքալաքի վարչությունում Մառուսյա Քեշիշյանի մասին տեղյակ չէին: Նրան ծերանոց ուղարկելու հարցով վարչությունում ոչինչ չկարողացան ասել, պատասխանելով որ կհետաքրքրվեն, թե ինչ կարելի է անել: Վարչությունում վերջին մի քանի տարիների ընթացքում ընդամենը մեկ դիմում են ստացել ծերանոց տեղափոխվելու համար Տրկնա գյուղից, սակայն վերջին պահին դիմողը հրաժարվել է, մտածելով, որ չի կարող ապրել վրացիների հետ, քանի որ վրացերեն չգիտի:

Մառուսյա Քեշիշյանը ևս երկմտանքով է վերաբերվում Վրաստանում ծերանոց գնալուն: Մեզ հետ զրույցում անընդհատ նշում էր. «Մի բան էրեք Հայաստան երթամ, հոս վրացերեն չիտեմ, ինչ ենեմ»:

Մառուսյա Քեշիշյանը 30 տարի ֆերմայում կթվորուհի է աշխատել: Լավ աշխատանքի համար պարգևատրվել է գովասանագրով: Սակայն այսօր բոլորին հավասար է կենսաթոշակ ստանում: 150 լարի ծերության և 60 լարի սոցիալական թոշակ է ստանում, որպես միայնակ և չքավոր:

«Ուրտեղ ըսես չեմ աշխատե, քաղ եմ երե, ամեն աշխատանք երել եմ, հիմի չեմ կրնա մշակե, մենակ ոսկորներս են մնացե, 81 տարեկան կնիկ եմ, օլոր-ոսկորներս ջարդել-աշխատել եմ ու ասօր աս վիճակին եմ մնացել»,- պատմեց Մառուսյա տատը:

81 տարեկան ծեր կինն ապրում է կիսաքանդ տան մեջ, առանց գազ, լույս ու ջուր: Թոշակով երկու օրը մեկ հաց է գնում և յոլա գնում: Տաք եղանակներին Մառուսյա տատը ճանապարհներից աթար (չորացած գոմաղբ) ու ղաղալոզ (եզևնու կոն) է հավաքում, որպեսզի ձմռանը կարողանա տունը տաքացնի: Կյանքի մայրամուտն ապրող Մառուսյա տատը լավ չի լսում, բացի դրանից տառապում է մի շարք հիվանդություններով: Հարևանները ամեն անգամ քաղաք գնալիս Մառուսյա տատի համար դեղորայք ու մթերք են բերում:

«էխտիար ես, հետդա չեն խոսի, ու՞ր երթամ, ի՞նչ ենեմ, օգնող չունիմ: Դրկցները քաղքեն դեղ-մեղ գնեն փերեն կը»,- ասաց Մառուսյա Քեշիշյանը:
Vachian Marusya 4

Vachian Marusya 1

Vachian Marusya 6

Vachian Marusya5

Vachian Marusya3
Աղունիկ Այվազյան