Ախալքալաքում կորոնավիրուս չկա: Մի քանի օր առաջ Ախալքալաքի N գյուղից քաղաքի հոսպիտալ դիմած տղայի մոտ կորոնավարակ չի հաստատվել։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ Ախալքալաքի շրջանից թեստավորում է անցնում:
Ախալքալաքի շրջանում մինչ օրս նոր կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել, սակայն արդեն երկրորդ երիտասարդն է թեստավորում անցնում, համոզվելու համար, որ կորոնավիրուսային հիվանդություն չունի։ Մի քանի օր առաջ Ախալքալաքի շրջանի մի գյուղից երիտասարդը կորոնավարակի կասկածով դիմել է Ախալքալաքի հոսպիտալ, սակայն նրա մոտ ոչ թե կորոնավարակ, այլ թոքաբորբ է եղել։
«Նա զանգել է շտապ օգնություն, շտապ օգնությունը նրան տարել է կլինիկա, այնտեղից էլ ուղարկել են Թբիլիսի, այնտեղ թեստ են արել: Թբիլիսիից ինձ զանգեց վարակաբանը և ասաց, որ պատասխանը դրական չէ։ Այդ երիտասարդը լավ է», – Jnews-ին հայտնեց ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը։
Այնուհետև այդ երիտասարդի ընտանիքի անդամներն են դիմել հիվանդանոց։
«Նրա ընտանիքի անդամները գրիպ ունեն, դրա համար են դիմել, ոչ մի կորոնավարակ չկա և նրանց Թբիլիսի ուղարկելու կարիք չի զգացվում»,- ընդգծում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականայանը։
Հիշեցնենք, որ առաջին դեպքում նույնպես կորոնավարակի կասկածով անցկացրած թեստի պատասխանը բացասական էր, այդ դեպքում նույնպես հիվանդի մոտ թոքաբորբ էր հաստատվել։
Նշենք, որ Ախալքալաքում մինչ օրս կորոնավարկի ոչ մի դեպք չի հաստատվել: