Այն բանից հետո, երբ Jnews- ը գրեց Ախալքալաքը Ջիվանի թաղամասի եւ թիվ 1 նախկին զինվորական ավանի հետ կապող հետիոտնային կամրջի վրայի անցքերի մասին, տեղի իշխանությունները «վերանորոգեցին» կամուրջը՝ անցքերի վրա լրացուցիչ տախտակներ ամրացնելով:

Ապրիլի 24-ին Jnews- ը գրել էր «Ախալքալաքի հետիոտնային կամուրջը կրկին անցքեր ունի» հոդվածը: Այս նյութից հետո, մեկ անցքի վրա հայտնվեց տախտակ, իսկ մյուս անցքը ծածկվեց քարով: Երևի այս վերանորոգումը դասվում է ընթացիկ վերանորոգման շարքին, իսկ կապիտալ վերանորոգում չի նախատեսվում:

Ինչպես նշել էինք նախորդ նյութում, 2019 թ. մարտի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն 2019 թ. բյուջեում հաստատել էր փոփոխություններ: Այդ փոփոխությունների թվում նաեւ հաստատվել էին 769 018 լարի ընդհանուր արժեքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ծախսեր: Այդ նախագծերից մեկն էլ քաղաքը թիվ 1 նախկին զինվորական ավանի հետ կապող կամրջի վրայի «արահետի» բարեկարգումն է, որի համար հատկացվել է 29 133 լարի:

Սակայն, ինչպես մեզ բացատրեցին քաղաքապետարանում, փոփոխությունների նախագծում կետը սխալ է ձեւակերպված, ու այդ 29 133 լարին իրականում հատկացված է ոչ թե կամրջի, այլ կամրջից մինչեւ Վաչիանի մայրուղի ընկած հատվածի համար: Այսպիսով, այս կամրջի վերականգնումն այս տարի նախատեսված չէ, եւ դրա վրայով անցորդները պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի չսայթաքեն խփված տախտակների եւ քարերի պատճառով, կամ չընկնեն այն անցքերը, որոնք դեռ կարող են գոյանալ:

most1

Շուշան Շիրինյան