Ապրիլի 20-ին, ծնունդով Ջավախքից, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը կմենամարտի Դաղստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևի հետ: Մինչև մենամարտը Արման Ծառուկյանը տեսակապ կհաստատի Նինոծմինդայի մարզադրպոցում հավաքված մարզասերների հետ:

Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրենը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով առաջիկայում կայանալիք մենամարտի մասին գրել է.

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունկնդրել Արմանին հրավիրում ենք Նինոծմինդայի մարզադպրոց ուղիղ հեռարձակմամբ մենամարտը դիտելու»,- գրել է Անդրանիկ Ղարսլյանը:

Նինոծմինդայի մարզադպրոցն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Jnews-ի հետ հեռախոսազրույցում տնօրենը նշեց, որ նմանօրինակ նախաձեռնություններն իրենց մարզադպրոցում պարբերական բնույթ են կրում:

«Առաջին անգամ չէ, որ մենք մեծ էկրան ենք տեղադրում մարզադպրոցի դահլիճում և բոլոր ցանկացողներին հրավիրում միասին հետևելու տարբեր սպորտային միջոցառումների: Մենք այս անգամ, նախքան մենամարտն սկսվելը տեսակապ կհաստատենք Արմանի հետ, որպեսզի նա տեսնի ու զգա մեր աջակցությունը»,- ասաց Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը:

Արմանը ծնունդով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է: Յուրաքանչյուր հաղթանակից հետո Արմանը ռինգում ծածանում է հայկական դրոշը՝ անկախ նրանից, թե տվյալ մարտում, որ երկիրն է ներկայացնում։ Երիտասարդ մարզիկը բնակվում է Ռուսաստանում, սակայն ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր հաղթանակից հետո այցելել հայրենի Մեծ Արագյալ գյուղ և ընկերների հետ նշել հաջողությունները։

Արման Ծառուկյանը 22 տարեկան է, նա գրաբլինգի Ռուսաստանի չեմպիոն է, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ, առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել աշխարհահռչակ UFC կազմակերպության հետ, որն էլ երիտասարդ մարզիկի համար մեծ նվաճում կլինի։