Նինոծմինդայի Սպորտ դպրոցի վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Ծովինար Ղարսլյանը 7000 լարի գումարով: Աշխատանքներն սկսված են, սակայն պարզվում է, որ գումարը չի բավարարում մրցույթում նշված բոլոր աշխատանքներն իրականացնելու համար:
Նինոծմինդայի Սպորտ դպրոցում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Ներկա պահին բետոնապատվում է Սպորտ դպրոցի մարզադահլիճի հատակը: Ինչպես նաև նախատեսված է հանդերձարանի տանիքը փոխել: Շինարարական աշխատանքները ֆինանսավորվում է տեղական բյուջեից:
Վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել էր հունիսի կեսերին: Նախնական գումարը կազմում էր 10 600 լարի: Հայտարարված մրցույթին մասնկակցեցին՝ Արմեն Վարդանյանն ու Ծովինար Ղարսլյանը: Մրցակցություն թեկնածուների միջև երեք տուր է անցել: Առաջին և երկրորդ տուրերում 1լարիի տարբերությամբ առաջատարը Արմեն Վարդանյանն է եղել, սակայն երեորդ տուրում 957 լարիի տարբերությամբ 7000 լարիով մրցույթը շահել է անհատ ձեռներեց Ծովինար Ղարսլյանը:
Աշխատանքներն արդեն սկսվել են: Նինոծմինդայի Սպորտ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքերով 7000 լարին բավարար չէ նախագծում նշված աշխատանքներն իրականացնելու համար:
«Այդ գումարը բավարար չէ հատակի բետոնապատման և հանդերձարանի տանիքը փոխելու համար: Մենք դիմեցինք Նինոծմինդայի վարչությանը, որպեսզի լրացուցիչ գումար հատկացվի վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար: Մտածում եմ, որ նշված աշխատանքների ավարտից հետո ղեկավարությունը կօգնի, որպեսի Սպորտ Դահլիճի հատակի աշխատանքները ևս ավարտին հասցվեն»,- ասաց Սպորտ դպրոցի տնօրենը: