Այսօր մեծ շուքով և բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Ախալքալաքի Արդարադատության տան բացումը:
Այսօր Ախալքալաքում բացվեց թվով 20-րդ Արդարադատության տունը: Արարողությունը բացեց Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նա ողջունեց բոլոր հավաքվածներին ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն լեզուներով:
«Այսօր մենք այս կարեւոր և գեղեցիկ քաղաքում բացում ենք Արդարադատության տուն: Սա ոչ միայն Արդարադատության տուն է, սա մեր կողմից 2 տարի առաջ նախատեսած նախագիծ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնեցին, բոլորին, յուրաքանչյուր ախալքալաքցու, մունիցիպալիտետին: Այսօր մենք եվրոպական տարածքի մասն ենք», – ասաց Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության տան դիմաց, ծածկարանի ներքո կազմակերպվել էր բեմ: Հյուրերի համար դրվել էին աթոռներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վրաստանում Հայաստանի և Նիդեռլանդների դեսպաններ Ռուբեն Սադոյանը և Յոհաննես Դոուման, Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ղեկավարները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և այլ բարձրաստիճան հյուրեր:
Կարմիր ժապավենը կտրեցին Թեա Ծուլուկիանին և խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Հյուրերը բացումից հետո մտան շենք՝ այն դիտելու համար: Անցան գրասենյակներով:
Բակում հյուրերին սպասվում էր ֆուրշետ և հրավառություն:
Վերջում «Բանդերոլ» խմբի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ:
Շուշան Շիրինյան