Ախալքալաքում արմատավորվել է կարծրատիպ, որ ուսուցիչը տղամարդու գործ չէ: Այս կարծրատիպը հաստատում է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցների ուսուցիչների վիճակագրությունը:

Խռպոտ, խորաթափանց ձայնով, բոլորագլխարկով, կոստյումով և մշտապես ցուցափայտով բարեկազմ տղամարդը հավերժ մնացել է թիվ 4 դպրոցի բազմաթիվ աշակերտների հիշողության մեջ, որպես տղամարդ ուսուցչի կերպար: «Հարգելի Հակոբյան», այսպես էին դիմում աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչին: Այս դպրոցում եղել են այլ կերպարներ, տնօրեններ, ուսուցիչ, որը ինքնավստահ քայլում էր նստարանների կողքով և պատմում համաշխարհային պատմություն և բարեկազմ, բարձրահասակ, խոժոռադեմ հայացքով ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Այժմ դպրոցում, որտեղ այս մարդիկ մի ժամանակ աշխատել են, մնացել է ընդամենը մեկ տղամարդ ուսուցիչ` ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

ԽՍՀՄ-ի և հետխորհրդային ժամանակաշրջանի ավարտը դպրոցներում հետք են թողել, ուսուցիչների մեծ մասը թողել են իրենց աշխատանքը, հնարավոր չէր ընտանիք պահել արժեզրկված կուպոններով: Դպրոցներում աշխատող տղամարդիկ պարզապես թողեցին ու հեռացան, գնացին խոպան՝ ցուրտ ու մութ տարիներին գումար վաստակելու նպատակով:

Մարդկանց համար ուսուցչի մասնագիտությունը դարձել է անընդունելի, ճիշտ է, դա մեր օրերում աստիճանաբար փոխվում է, քանի որ ուսուցչի կարգավիճակը և աշխատավարձը բարձրանում է, սակայն դեռևս շատ դպրոցների ուսուցչանոցներում «գերիշխում» են կանայք: Ախալքալաքի մունիցիպալիտետում 65 դպրոց կա, որոնցում աշխատող ուսուցիչների ընդհանուր թիվը կազմում է 1 453, որոնցից միայն 231-ն է տղամարդ: Տղամարդիկ հիմնականում դասավանդում են ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, աշխարհագրություն և սպորտ: Այնուամենայնիվ, նրանց մեջ երիտասարդ մանկավարժները չեն գերակշռում, նրանցից շատերը թոշակային տարիքի են, նրանցից ոմանք էլ 80 տարեկան և ավելի հասակ ունեն:

shaxmatist

Միքայել Գասպարյանը Զակ գյուղի հանրային դպրոցում երեխաներին ուսուցանում է հայոց լեցու, գրականություն և շախմատ, թեև անհրաժեշտության դեպքում նա դասավանդում է նաև այլ առարկաներ:

«Այսօր մեր դպրոցներում կանայք են, միայն կանայք: Երբ Թիֆլիսիից, նախարարությունից ժամանեցին, ես հարցրեցի. «Ինչպե՞ս եք պատկերացնում դպրոցն առանց տղամարդկանց: Շատ վատ: Այդ դեպքում ի՞նչ եք մտածում դուք այդտեղ՝ նախարարությունում»: Նրանք ասացին, որ դա դժվար հարց է, որ նրանք ոչինչ չեն կարող անել, ինչ արած…», – ասում է Միքայել Գասպարյանը:

Նրա խոսքով, երիտասարդ տղամարդ ուսուցիչներին պետք է շահագրգռեն բարձր աշխատավարձով:

«Եթե երիտասարդ տղաները գնում են արտագնա աշխատանքի՝ իրենց ընտանիքները կերակրելու համար, 300-400 լարի աշխատավարձն արդյոք նրանց թույլ կտա ընտանիք պահել: Իհարկե՝ ոչ: Հրավիրեք արական սեռի ներկայացուցիչ ուսուցիչներին դասավանդելու ավագ դասարաններում և վճարեք նրանց ավելի շատ: Իհարկե, նրա պրոֆեսիոնալիզմը նախապես ստուգելուց հետո», – ասում է նա:

uchitel

Փորձառու ուսուցիչը պնդում է, որ տղամարդկանց համար ավելի հեշտ է աշխատել դեռահասների հետ, քան կանանց համար:

«Երբ ես տնօրեն էի, ուսուցչուհիներից մեկը եկավ ինձ մոտ բողոքելու, ասում է՝ 12-րդ դասարանի աշակերտն ինձ թույլ չի տալիս դասն անցկացնել: Ես ասացի, որ նա խելացի տղա է, գուցե նա Ձեզ հարց է տվել, և Դուք չեք կարողացել պատասխանել: Հարցը սեռական կրթության մասին էր, ուսուցիչը նրան լռեցրել էր և դուրս հրավիրել, որպեսզի չխանգարեր դասը: Եվ սա պատասխա՞ն է: Ես ասացի նրան, որ պետք է բացատրեր նրան, տղան 18 տարեկան է: 18 տարեկանում ընտանիք են կազմում, և նա պետք է իմանա, իսկ ուսուցիչը կոպտել էր և տղան ասել էր, որ այլևս դասերին չի նստի», – ասում է Միքայել Գասպարյանը:

25-ամյա ուսուցիչ Յուրա Յայլոյանն աշխատում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում: Նա դասավանդում է պար և երաժշտություն՝ 2015 թվականից ի վեր, ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը: Բեժանոյի դպրոցը տարբերվում է այլ դպրոցներից նրանով, որ այստեղ կան համեմատաբար մեծ թվով տղամարդ ուսուցիչներ` 7 հոգի, ընդ որում հիմնականում երիտասարդներ:

«Ես երազում էի աշխատել դպրոցում: Մանուկ հասակում ես հարևանների երեխաներին հավաքում էի և մենք խաղում էինք դպրոց-դպրոց, ես միշտ ուսուցիչն էի: Հետո ես ուսումս առա և վերադարձա իմ հայրենի գյուղ՝ Բեժանո: Ես երիտասարդ էի և գործազուրկ, ես ոչինչ չէի կարող անել, դիմեցի դպրոցի տնօրենին: Սկզբնական շրջանում ես շատ էի դժվարանում աշխատել որպես ուսուցիչ, որտեղ աշակերտները գրեթե իմ տարիքին էին, հիմա ավելի հեշտ է, սովորել են: Արդեն չեմ կարող ինձ պատկերացնել հարազատ դպրոցից դուրս: Ինձ համար դպրոցն իմ երկրորդ տունն է, ես սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատում եմ երեխաների հետ, չնայած բարդ է աշխատել նրանց հետ տեխնիկայի զարգացման դարաշրջանում: Նրանք բոլորն ունեն հեռախոսներ և այլ հետաքրքրություններ, բայց մենք աշխատում ենք ստեղծել նոր մոտիվացիաներ՝ աշակերտների համար դասերն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով», – պատմում է նա:

Bejano

Յուրա Յայլոյանն էլ համամիտ է Միքայելի հետ՝ աշխատավարձի առումով: Ուսուցիչի աշխատավարձը պետք է արժանի լինի այն ջանքերին, որոնք գործադրվում են երիտասարդ սերնդին կրթելու համար:

«Հաճախ ասում են, որ ուսուցչի աշխատանքը տղամարդու գործ չէ, բայց սխալվում են: Պետք է լինել և լավ մասնագետ, և լավ հոգեբան: Տղամարդուն հարիր չէ միայն աշխատավարձի պատճառով, այնքան էլ բարձր չէ, որպեսզի ընտանիք պահես: Ահա, թե ինչու են տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում գնալ Ռուսաստան արտագնա աշխատնքների կամ նախընտրում այլ աշխատանք», – ասում է Յուրա Յայլոյանը:

Ամենամեծ թվով տղամարդիկ աշխատում են Աբուլ գյուղի հանրային դպրոցում՝ 8 տղամարդ, 5 գյուղերում` 7 տղամարդ ուսուցիչ: 9 դպրոցներում` 1 ուսուցիչ: Երկու դպրոցներում, ընդհանրապես չկան տղամարդ ուսուցիչներ՝ Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում և Իխթիլա գյուղի դպրոցում:

Քրիստինե Մարաբյան
Աղունիկ Այվազյան