Ախալքալաք քաղաքում 5 հանրային դպրոցներից 3-ն անցել են հեռավար ուսուցման, թիվ 2 դպրոցում միայն մեկ դասարան է անցել առցանց դասառեժիմի, իսկ թիվ 1 դպրոցում ուսումը շարունակվում է սովորական ռեժիմով:
Ախալքալաքի Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում կրթությունն ընթանում է սովորական ռեժիմով, չնայած, տնօրեն Ռուզաննա Տեփոյանի խոսքով, շատերը բացակայում են:
«Բացականեր կան, բայց դասերն անցնում են նորմալ: Մենք հետևում ենք անվտանգության բոլոր չափանիշներին: Բոլոր ուսուցիչները դիմակ են կրում, թեև աշակերտներից դիմակ կրել չի պահանջվում, սակայն բոլորը դասի ժամանակ դիմակով են: Ընդմիջումների ժամանակ մենք ոչ մեկին դուրս չենք թողնում և ոչ մեկին դպրոց ներս չենք թողնում», – ասում է թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ դասերը կանցկացվեն հեռավար, քանի որ դպրոցի շենքում ընտրատեղամաս է գործում: Ավելի վաղ Կրթության նախարարությունը հայտնել էր, որ դպրոցները, որտեղ տեղակայված են տեղամասեր, հեռավար կաշխատեն հաջորդ շաբաթվա այս երեք օրերին: Սակայն մինչ օրս Ախալքալաքի թիվ 1 դպրոցը հատուկ առաջարկություններ չի ստացել այս հարցի շուրջ:
Թիվ 2 հանրային (ռուսական) դպրոցում դասերն ընթանում են սովորականին պես: Տնօրեն Կարինե Նահատակյանի խոսքով, դասերն անցկացվում են սովորական ռեժիմով, բացառությամբ մեկ դասարանի:
«Մենք աշխատում ենք սովորականի պես, բացառությամբ 2-րդ դասարանի, որտեղ սովորում է երկու երեխա, որոնց հարազատները հիվանդ են կորոնավիրուսով: Մեր ուսուցիչները ցանկանում էին հետազոտվել, բայց մեզ մերժեցին: Ես 2-րդ դասարանի ուսուցչին ուղարկեցի ստուգման, բայց նրան նույնպես մերժեցին` ասելով, որ եթե ախտանիշներ չկան, թեստավորում չեն անում: Դասարաններում շատ բացակա աշակերտներ կան, բայց դա պայմանավորված է սեզոնային հիվանդություններով», – ասում է Կարինե Նահատակյանը:
Ըստ նրա, նույնիսկ հաջորդ շաբաթվա վերջին կարիք չկա անցնել հեռավար ուսուցման, քանի որ ընտրատեղամասը գտնվում է դպրոցի հիմնական մասնաշենքից դուրս:
«Ընտրատեղամասը դպրոցից առանձին է: Եթե մեր հայեցողությանը մնա, առանձին հրաման չլինի, մենք չենք անցնի հեռավար ուսուցման», – ասում է դպրոցի տնօրենը:
Նշենք, որ քաղաքի երեք՝ թիվ 5, 4 և 3 հանրային դպրոցները, կորոնավիրուսի պատճառով անցել են հեռավար ուսուցման: Թիվ 4 դպրոցն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, անցավ հեռավար ռեժիմի, այն բանից հետո, երբ ուսուցիչներից մեկի մոտ հաստատվեց կորոնավիրուս: Թիվ 5 դպրոցն անցել էր օնլայն ռեժիմի հոկտեմբերի 18-ին, երբ դպրոցի ուսուցիչների մասսայական թեստավորման արդյունքում նրանցից երկուսի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Իսկ թիվ 3 դպրոցը, որն իր դասերը անցկացնում էր թիվ 5 դպրոցի շենքում` իրենց շենքում անկացվող վերանորոգման պատճառով, անցել է հեռավար դասառեժիմի, քանի որ աշակերտների ծնողները, թիվ 5 դպրոցի ուսուցիչների մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո, իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկում: Թիվ 3 դպրոցի ուսուցիչների զանգվածային թեստավորման արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նշենք, որ թեստավորվել են քաղաքի ամենափոքր՝ թիվ 3 և թիվ 5 դպրոցների ուսուցիչները: Մնացած դպրոցներին ասել են, որ թեստավորում կանցկացնեն ընտրություններից հետո: