100 անապահով ընտանիք հունիս ամսին սոցիալական օգնություն չի ստացել: Մարդկանց տրամադրվող օգնությունը չի կրճատվել, պարզապես հաշվարկման ձևն է փոխվել և նախկինի համեմատ առավել կարիքավորները ավելի շատ օգնություն կստանան:
100 ընտանիքի օգնություն հունիս ամսից դադարեցված է, որովհետև նոր ստուգում է անցկացվում: 100-ից 50 ընտանիքները քաղաքի բնակիչներ են: Սոցիալապես անապահով ընտանիքները անհանգստացած են: Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ մարդկանց օգնությունը կրճատվել է: Ախալքալաքի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ պարզապես նոր ստուգում է անցկացվում:
«Այս պահին գործընթացը պարզապես դադարեցված է, կրկնակի ստուգում է կատարվում, ոչ-ոքի օգնություն կտրված չէ»,- ասաց Ախալքալաքի սոցիալական ծառայության պետ Արտաշես Փալանջյանը:
Նախկինում 0-ից մինչև 60 000 բալ էր գնահատման բլանկան, ըստ որի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանդարտ 48 լարի էր ստանում: Հաշվարկաման փոփոխության արդյունքում առավել չքավոր ընտանիքները, որոնք քիչ բալեր են հավաքել ավելի մեծ սոցիալական օգնություն կստանան՝ համեմատած բարձր բալեր հավաքած ընտանիքների:
Ըստ հաշվարկման նոր ձևի սոցիալապես անապահով մարդկանց ունեցվածքի գնահատման բալային բլանկան բաժանել են հետևյալ կերպ.
0-ից մինչև 30 000 բալի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանդարտ 60 լարի է ստանում, գումարած 10 լարի եթե անչափահաս երեխա կա:
30 000-ից մինչև 57 000 բալի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանդարտ 50 լարի է ստանում, գումարած 10 լարի եթե անչափահաս երեխա կա:
57 000-ից մինչև 60 000 բալի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանդարտ 40 լարի է ստանում, գումարած 10 լարի եթե անչափահաս երեխա կա:
60 000-ից մինչև 65 000 բալի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանդարտ 30 լարի է ստանում, գումարած 10 լարի եթե անչափահաս երեխա կա:
Իսկ 65 000-ից մինչև 100 000 բալի դեպքում միայն անչափահաս երեխային տրվում է 10 լարի:
Ախալքալաք քաղաքում և գյուղերում սոցիալական օգնություն են ստանում մոտ 560 ընտանիք, ներկայումս 460 ընտանիք ստանում են, իսկ 100-ի օգնությունը դադարեցված է, որովհետև նոր հաշվարկում է անցկացվում: Նոր հաշվարկումից հետո բոլորը կստանան սոցիալական օգնությունը դադարեցրած էր, եթե հավաքած բալերը համապատասխանեն վերոնշյալ չափանիշներին:
«Մեծ դեր է խաղում բժշկական տեղեկանքների 100-րդ ֆորման, որը պետք է լրացված լինի վրացերեն լեզվով: Տեղեկանքի մեջ պետք է կոնկրետ նշված լինի հիվանդության համարը, որովհետև ոչ բոլոր հիվանդություններն են հաշվարկման ժամանակ հաշվի առնվում: Իմ կարծիքով նոր հաշվարկման արդյունքում նախկինի հետ համեմատած կավելանա մարդկանց տրվող օգնության չափը, միայն 57 000 բալ ունեցողները քիչ կստանան»,- ասաց Ախալքալաքի սոցիալական ծառայության պետ Արտաշես Փալանջյանը:
2015 թվականի մինչև հոկտեմբերի մեկ սոցիալական օգնություն ստացող ընտանիքները ստուգվելու են: Ախալքալաքի սոցիալական ծառայությունը ունեցվածքի գնահատման դեկլարացիան լրացնող ընդամենը մեկ աշխատող ունի:
Աղունիկ Այվազյան