Հասարակություն 21 Փետրվարի, 2019 • Կամրջի ճաղավանդակները կոտրտված վիճակում են

Ախալքալաք քաղաքը Բավրա գյուղին միացնող կամրջի ճաղավանդակների մի մասը չկա, ինչը վտանգավոր է, ոչ միայն հետիոտնի, այլև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությանը:

Շրջանի շուրջ հինգ գյուղ քաղաքին միացնող կամուրջը եզերող ճաղավանդակների մի մասը չկան: Կամրջով երթևեկող վարորդները բարձրաձայնում են վտանգավոր հետևանքների մասին:

kamurj

«Փորձանքը մի անգամ է գալիս: Մի քիչ արագ և փոքր ինչ անուշադիր լինելու դեպքում կարող ես գետում հայտնվել: Բնական է, որ կամուրջն այս վիճակին է հասել հենց արագությունը գերազանգելու արդյունքում: Ամիսներ շարունակ նույն վիճակն է, ուշադրություն չեն դարձնում», — ասաց կամրջով ամեն օր երթևեկող Արտյուշը:

Բավրա գյուղի լիազոր Վալենտին Ղարսլյանի խոսքերով, ավելի քան 5 ամիս է կամուրջը այս վիճակում է:

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Այդ կամրջի նորոգում նախատեսված չէ: Այդ ճաղավանդակները պետք է նորոգեն այն մարդիկ, ովքեր դա արել են»:

bavra kamurj

Քաղաքի լիազորը վստահեցնում է, որ Ախալքալաքը Բավրա գյուղին կապող կամուրջն այս տարի անպայման կնորոգվի: Մեր այն դիտարկմանը, թե քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնից տեղեկացրին, որ այդ կամրջի նորոգման ծրագիր չունեն: Քաղաքի լիազորն ասաց.

«Խնդրի մասին տեղյակ ենք, ես տեղեկացրել եմ Քաղաքապետարանի էկոնոմիկայի բաժնին, որ ի նկատի ունենան և այս տարվա մեջ նորոգվի կամուրջը: Այսինքն կամուրջը վթարային չէ, ուղղակի ճաղավանդակներն են կոտրտված: Մեծ խնդիր չէ», — ասաց Ախալքալաքի լիազոր Աշոտ Նահատակյանը:

Թե ե՞րբ կնորոգվի Ախալքալաքը Բավրա գյուղին միացնող կամրջի ճաղավանդակները, դեռ անորոշ է:

Աղունիկ Այվազյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝