Արևելյան գործընկերությունը ենթադրում է Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 պետությունների հետ` Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի: Յուրաքանչյուր երկիր այդ համագործակցությանը վերաբերվում է ելնելով՝ արտաքին և ներքին քաղաքականության իր ուղղվածության վեկտորից:
Հունվարի 8-ին Տալլինում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ամենամյա համաժողովը, որտեղ քննարկվեցին 10-ամյա ծրագրի ձեռքբերված արդյունքները և Արևելյան գործընկերության ու ԵՄ-ի ապագա քաղաքականությունը:
Եթե Արևելյան գործընկերության որոշ գործընկեր երկրներ արդեն շատ երկար ժամանակ և կոնկրետ կողմնորոշվել են իրենց ցանկությամբ անդամակցվել ԵՄ-ին, ապա մյուսները դեռ ճանապարհին են, իսկ որոշներն էլ պասիվ են այս հարցում: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այստեղ էլ վերաբերմունքը միանշանակ չէ բոլոր 6 գործընկեր երկրների նկատմամբ:
10 տարվա ընթացքում, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև փոխհարաբերությունները տարբեր մակարդակներ են անցել: Կնքվել են այնպիսի կարևոր համաձայնագրեր, ինչպիսիք են DCFTA-ը (խմբ. Եվրոպական միության և 3 երկրի միջև` Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, խորացված և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը): Յուրաքանչյուր DCFTA -ի գոտին ԵՄ-ի հետ յուրաքանչյուր երկրի համապատասխան Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում):
Նախևառաջ, ըստ Եվրամիության՝ ծրագրի շրջանակներում համագործակցությունը նպաստեց գործընկեր երկրների տնտեսությունների զարգացմանը: Աջակցություն ցուցաբերվեց փոքր և միջին ձեռնարկատիրություններին, խթանվեց ներդրումները: 2016 թվականից ԵՄ-ն առաջարկել է վարկերի ավելի քան 50%-ը, այդ թվում, տեղական արժույթով՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար: Արևելյան գործընկերության շրջանակներում ավելի քան 2000 ընկերություն օժանդակություն է ստացել, որը կազմել է 2 միլիարդ եվրո, ինչպես նաև 28 000 նոր աշխատատեղ: Ֆինանսներ են ներդրվել ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում: Երիտասարդների համար էլ գործում է «Էրազմուս» պլյուսը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին կրթություն ստանալ Եվրամիության երկրներում: Ազատ այցագրային պայմանակարգը և շատ ավելին:
Եվրամիության կողմից առաջարկվող այս կամ այն հնարավորությունից օգտվելու կամ չօգտվելու որոշումը յուրաքանչյուր երկիր կայացնում է իր սեփական շահերի և աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Բոլոր երկրների համար ամենակարևոր գործոններից է Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Մենք ամեն ինչ հասկանում ենք, որ Արևելյան գործընկերության 6 երկրները տարբերվում են իրարից: Մենք կարող ենք այս 6 երկիրը բաժանել զույգերի, եռյակների` կախված այն չափանիշներից, որոնք մենք կիրառում ենք: Ակնհայտ է, որ այսօր Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան քաղաքականապես և համակարգով ԵՄ-ին ավելի մոտ են, քան մյուս երեքը՝ Ադրբեջանը, Բելառուսը և Հայաստանը», – համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Եվրախորհրդարանի անդամ և Էստոնիայի նախկին արտգործնախարար՝ Ուրմաս Պաետը:
Եթե Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեպքում արտաքին քաղաքականությունը որոշում է ակտիվ ընթացքը դեպի Եվրամիություն, ապա օրինակ` մյուս երեք երկրների դեպքում, իրավիճակը շատ ավելի բարդ է:
Հայաստանի դեպքում, կա ցանկություն, բայց մյուս կողմից էլ հնարավորություն չկա՝ Ադրբեջանի հետ տևական կոնֆլիկտի և Ռուսաստանի հետ «սերտ» հարաբերությունների պատճառով: Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալիքներ կային, որ արտաքին քաղաքականությունը փոխվելու է, սակայն այդ ուղղությամբ կանխատեսումներ կատարելը դեռևս բարդ է:
Տալլինյան համաժողովի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարը հասկանալի դարձրեց, որ Հայաստանը եվրոպական արժեքների կողմնակիցն է:
«Հայաստանի խորհրդարանում սկսել են քննարկել զարգացման նոր ռազմավարություն: Մենք հասկանում ենք բոլոր առաջնահերթությունները և ցանկանում ենք դրանք իրականացնել ԵՄ-ի օգնությամբ կամ առանց նրա: Գործիքներ կներմուծվեն, որոնք մեզ կօգնեն առաջ շարժվել: Միևնույն ժամանակ պետք չէ քննարկել, որ մենք եվրոպական երկրների ընտանիքի մաս ենք կազմում, քանի որ մենք միշտ ունեցել ենք եվրոպական բաղադրիչ, քանի որ բոլոր հիանալի երկրները Եվրամիության մասնիկ են, բայց և մյուս կողմից այլ հրաշալի երկրներ ԵՄ-ի անդամ չեն հանդիսանում», – իր խոսքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ադրբեջանի ու Բելառուսի դեպքում բոլորովին այլ իրավիճակ է, այստեղ հիմնական գործոնը երկրի քաղաքական իրավիճակն է, որը համարվում է տոտալիտար, թեև Եվրամիությունն աշխատում է նաև այդ երկրների հետ՝ այն սահմանակարգված սահմաններում, որոնց նկատմամբ կան հնարավորություններ:
Եվ, այնուամենայնիվ, համաժողովին մասնակցող որոշ փորձագետների կարծիքով, չնայած ձեռք բերված արդյունքներին, Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային զարգացման համար ավելի շատ ժամանակ հարկավոր կլինի:
«Բայց միևնույն է, խոսելով Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասին, ինձ թվում է, որ մենք պետք է 100% հանգստանալ դափնիների վրա, այսինքն՝ ձեռք բերած հաջողություններով շլանալ և այլևս նոր հաջողությունների չձգտել: Այն բանի արդյունքում՝ ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս ժամանակահատվածում, բայց և հաշվի առնել ԵՄ-ի հեռանկարը, մենք պետք է շատ հստակ հասկանանք՝ նրանց շարքում, ովքեր ԵՄ-ում որոշումներ են կայացնում, որ, այո իսկապես զարգացումը ժամանակ է պահանջում: Կարևոր է ներքին քաղաքական իրավիճակը, այդ երկրների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները: Մենք դա պետք է հասկանանք: Սա զգայուն և բարդ իրավիճակ է, սրանք սառեցված, և այլ հակամարտություններ են բոլոր գործընկեր երկրներում՝ բացի Բելառուսից: Մենք պետք է հաշվի առնենք Կովկասում անվտանգության խնդիրները», – ասաց Ուրմաս Պաետը:
Համաժողովից ելնելով կարելի է եզրակացնել, որ Եվրամիությունը և մասնավորապես Արևելյան գործընկերությունը ակտիվորեն կզբաղվեն ձեռք բերված արդյունքների զարգացմամբ այն երկրներում, որտեղ եվրոպական ստանդարտի և արժեքների շրջանակներում հստակորեն տեսանելի կլինի զարգացման ցանկությունը և զարգացնեն հարաբերությունները հաջորդ 10 տարիների ընթացքում, կախված առաջացող մարտահրավերների և վտանգների աշխարհաքաղաքական կարիքներից:
Քրիստինե Մարաբյան