Եվրամիությունը հատուկ առաքելություն է ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

«Մենք առաքելություն ենք ուղարկելու Վրաստան՝ ուսումնասիրելու, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։

Նրա խոսքով, անցած ընտրությունները հաստատել են երկրի ժողովրդավարական հետընթացը ներկայիս իշխանության ղեկավարության ներքո։

Այս շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրությունը, որոնք չեն ճանաչվել ընդդիմության և երկրի նախագահի կողմից։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին՝ չորրորդ ժամկետն անընդմեջ։

Փոքրամասնությամբ պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր միավորումներից և ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։

Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների խախտումների միջազգային հետաքննություն և վերընտրություններ՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։ Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում:

Ընտրություններից երեք շաբաթ անց Եվրամիությունը նրանց միանշանակ գնահատական չտվեց՝ մտահոգություն հայտնելով ձայն տալու ընթացքում խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ։

«Մենք բոլորս նույն բանն ենք ուզում՝ Վրաստանը վերադառնա եվրաինտեգրման ճանապարհին։ Սա զգալի ջանքեր կպահանջի: Մենք առաքելություն ենք ուղարկելու Վրաստան: Մեզ հարկավոր է քննարկել ընտրական խախտումները, որոնք պետք է հետաքննվեն», – հայտարարել է Բորելը:

Նա նաև կրկնել է, որ «Վրացական երազանքի» կառավարության օրոք երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հետընթացը Վրաստանին ավելի է հեռացրել Եվրամիության ճանապարհից։

«Վրացական կառավարության գործողությունները, հատկապես օրենքի գերակայության և հիմնական ժողովրդավարական սկզբունքների հարգման հետ կապված, ներառյալ ընտրությունների անցկացումը, կորոշեն Վրաստանի առաջընթացը ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ: Մենք այսօր շատ ժամանակ ծախսեցինք այդ հարցի քննարկման վրա, և այն մնում է Վրաստանի ապագայի համար ծայրահեղ կարևոր հարց»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Աղբյուրը՝ Newsgeorgia