Փետրվարի 4-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա և Բարալեթ գյուղերում, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ,
տեղի ունեցան հանդիպումներ , որպեսզի ընտրվեն « Օգնություն գյուղին » ծրագրով իրականացվող առաջնային աշխատանքները :
Նմանատիպ հանդիպումներն անց են կացվում մունիցիպալիտետի բոլոր 64 գյուղերում: Քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներից կազմվել են մի քանի խմբեր, նաև կազմվել է գրաֆիկ: Մի խումբը մեկ օրվա ընթացքում
մասնակցում է մի քանի հանդիպումների : Հանդիպումները սկսվել են հունվարի 25-ին և կտևեն մինչև փետրվարի 27-ը:
Փետրվարի 4-ին, ժամը 13: 00-ին Կոթելիա գյուղում տեղի ունեցավ հանդիպում, որն անցկացվեց գյուղի ծիսակատարությունների տանը: Մասնակցում էին գյուղի ակտիվ քաղաքացիները, որոնց թվում՝ երկու կին: Հարկ է նշել, որ նման հանդիպումների ժամանակ կանանց մասնակցությունը հազվադեպ է:
Կոթելիայում ապրում է 120 ընտանիք: Կոթելիային հատկացված գումարը կազմում է 16 000 լարի:
Ըստ գյուղապետ Կախի Զուրաբիշվիլու, գյուղում շատ խնդիրներ կան:
«Մենք չունենք ակումբ, մանկապարտեզ, ճանապարհները վատն են, բայց այդ աշխատանքները մենք չենք կարող իրականացնել այս գումարով: Հետևաբար մենք կընտրենք այն աշխատանքներն, որոնք կարելի է իրականացնել 16 000 լարիով», – ասաց նա:
Խաթունա Վելիջանաշվիլին ակտիվորեն ներգրավված է ինչպես գյուղի, այնպես էլ ամբողջ մունիցիպալիտետի զարգացման գործընթացներում, քանի որ
հանդիսանում է Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) անդամ : Նրա խոսքերով, առաջնահերթ անհրաժեշտ է կառուցել ծիսակատարությունների տան ջրամատակարարման խողովակը և կառուցել կոյուղագիծը:
«Ես քվեարկելու եմ ջրախողովակի և կողուղագծի համար: Ջուրը մարդիկ բերում են հարևան տնից, որը գտնվում է ծիսակատարությունների տան կողքին: Կեղտոտ ջուրը թափում ենք բակում », – ասում է Խաթունա Վելիջանաշվիլին:
Զամիրա Ղավրելիշվիլին գտնում է, որ բացի կոյուղագծից և ջրախողովակից հարկավոր է անասունների տեղաշարժի համար կառուցել կամուրջներ:
Բուռն քննարկումներից հետո ընտրվեց հինգ առաջնահերթություն
1. Ծիսակատարությունների տանը ջրամատակարարման խողովակի և կոյուղային համակարգի կառուցում,
2. Անասունների տեղափոխման համար միջգյուղական փոքր կամուրջների կառուցում,
3. Ամբուլատորիայի վերանորոգում և գույքի գնում,
4. Գյուղական ճանապարհների վերականգնում,
5. Ջրանցքի մաքրում:
Հավաքվածները հույս հայտնեցին, որ գումարի պակասի դեպքում, մունիցիպալիտետը գումար կավելացնի և նրանք կկարողանան այս բոլոր աշխատանքներն իրականացնել :
Բարալեթ գյուղում հանդիպումը նշանակված էր ժամը 15: 00-ին: Քննարկումը սկսվեց փողոցում, այնուհետև շարունակեց Բարալեթի Հասարակական տան հանդիպումների դահլիճում: Բարալեթ գյուղի որոշ բնակիչներ առաջարկեցին
անվտանգ խողովակներով փոխարինել գյուղի ջրամատակարարման համակարգի մոտ 1 կիլոմետրանոց ասբեստապատ հատվածը : Ուրիշները կամենում էին գյուղում անցկացնել լուսավորություն:
Շատ առաջարկներ հնչեցին, բայց քննարկումից հետո որոշվեց, որ առաջնահերթությունը երիտասարդությանը գյուղում պահելն է:
«Մեր ապագան մեր երիտասարդներն են: Մենք պետք է ստեղծենք այնպիսի տեղ, որտեղ նրանք կարող են հավաքվել և ինչ-որ բան անել: Պետք է պահենք նրանց գյուղում: Նրանց համար շատ դժվար է, հատկապես ձմռանը: Երիտասարդները կանգնում են այստեղ, սառչում են և նյարդայնացած տուն են գնում », – ասում է գյուղի բնակիչ Դերենիկ Պետրոսյանը:
Բարալեթ գյուղում ապրում է 200 ընտանիք՝ մոտ 1021 մարդ և նրանց գյուղի համար գումարը նույնպես կազմում է 16 000 լարի:
Բարալեթի բնակիչների ակտիվը , « Օգնություն գյուղին » ծրագրի շրջանակներում, որոշեց իրականացնել երկու աշխատանք: Դրանք են՝
1. Երիտասարդների համար 11 000 լարիով վերանորոգել և բարեկարգել մշակույթի տան նախամուտքը :
2. Անասունների տեղափոխման համար 5000 լարիով գյուղում կառուցել երկու կամուրջ:
Շուշան Շիրինյան