Խուլգումո գյուղի մանկապարտեզը, որն արդեն 4 տարի է նորոգվում է, և որի համար ծախսվել է մոտ 116 700 լարի, այս տարի ևս չի բացվի:
Խուլգումոյի մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել 2014 թ.-ին՝ ՕԳԾ- ի (Օգնություն գյուղին ծրագիր) 32,000 լարի գումարով: Հետո սկսվել են բարեկարգման աշխատանքները: Տարբեր տարիների ընթացքում ծախսվել են տարբեր չափի գումարներ`16 000 լարի, 24 000 լարի, 42 000 լարի, ու այս տարի հատկացվել է մոտ 2 700 լարի: Ծախսված գումարը ներդրվել է չորս սենյակի և զուգարանի վերանորոգման համար՝ առանց կահույքի և խոհանոցային պարագաների:
Շենքը դեռ պատրաստ չէ շահագործման: Պարզվում է, որ նորոգման ընթացքում որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել: Շինարարության նախագիծը հաստատվել և ընդունվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից: Շենքում ջուր չկա: Ջրախողովակը, որն ըստ գյուղապետ Մովսես Գիգոլյանի, աշխատում էր, հիմա չի աշխատում: Պարզվում է, որ մանկապարտեզին պահեստ է պետք, իսկ աստիճաններին, երեխաների ապահովության համար, անհրաժեշտ է ավելացնել բազրիք:
«Ամեն տարի, կոնկրետ աշխատանքների համար, ինչ-որ մեկը նախագիծ է կազմել: Այժմ մենք պետք է երկու աստիճանների վրա ավելացնենք բազրիք, ջրախողովակը չի աշխատում, բացի այդ, հիմա էլ ասում են, որ մանկապարտեզին հարկավոր է պահեստ: Մենք փոխելու ենք պահեստի համար նախատեսված տարածքի տանիքը: Այս աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 2 700 լարի, սակայն գումարը փոքր է, ոչ ոք չի ցանկանում մասնակցել տենդեր-մրցույթին: Տենդերը չի կայացել », – ասում է Մովսես Գիգոլյանը:
Մինչ 4 տարի է ընթանում է մանկապարտեզի նորոգումը, Խուլգումո գյուղի երեխաները գնում են քաղաքի նախադպրոցական հաստատություններ, սակայն դա ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ: Գյուղում կա նախադպրոցական տարիքի 44 երեխա:
Մինչ մտածում և աշխատում են բացթողումների վրա, փչանում է այն, ինչ արդեն արվել է: Ջրախողովակը չի աշխատում, սենյակներն արդեն փչացել են, պատերը խոնավությունից պատվել են բորբոսով: Վերանորոգման ընթացքում չեն փոխվել հին էլեկտրական անջատիչները և վարդակները, չեն փոխվել նույնիսկ փչացածները:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը իրավիճակը բացատրեց հետևայալ կերպ.
«Ձեզ համար տեսանելի են միայն թվերը, բայց աշխատանքի ծավալը մեծ էր: Ջուրը հոսում էր, եթե հիմա չի հոսում, չգիտեմ, թող խողովակները մաքրեն: Գումարը միշտ սահմանափակ էր, հատկացվում էր յուրաքանչյուր աշխատանքի համար, և նախագիծը յուրաքանչյուր աշխատանքի համար կազմվում էր առանձին: Պատն ի սկզբանե խոնավ էր: Ի սկզբանե այդ շենքի ընտրությունը սխալ էր: Շինարարը կատարել է իր աշխատանքը, ինչպես կարող էի չընդունել աշխատանքը, նա հո մեղավոր չէ, որ շենքն այդպիսին է: Դուք կարող եք ըստ ծախսերի նախահաշվի ստուգել, թե որ աշխատանք է գնահատված բարձր», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Ալբերտ Նահատակյանի խոսքերով, մունիցիպալիտետը վերջին գումարը հատկացրել է պահեստի տանիքի և հատակի վերանորոգման, բազրիքի և խրամուղիների շրջափակման համար՝ որը գտնվում է բաց վիճակում, որպեսզի երեխաները չընկնեն այնտեղ:
Վերոնշյալ աշխատանքների տենդերը հայտարարված էր, սակայն մրցույթին մասնակցող չի եղել: Քաղաքապետարանը դիմել է կառավարությանը հեշտացված գնման թույլտվության համար, որպեսզի կնքվի ուղղակի պայմանագիր:
Շուշան Շիրինյան