Հունվարի 29-ին Դիլիֆ, Մեծ և փոքր Կոնդուրա, Ղուլալիս և Նամզարա գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Նինոծմինդայի Սակրեբուլոյի դիմաց: Նրանք ղեկավարությունից պահանջում են հավելյալ գումար հատկացնել իրենց գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար: Սակրեբուլոյի նախագահը վստահեցնում է՝ հնարավորության սահմաններում լուծում տալ խնդրին, սակայն չեն խոստանում:
«Մենք եկել ենք մեր ճանապարհների հարցով: Անցած տարի խոստացան ասֆալտապատել, բայց չարեցին: Մմեն անգամ ընտրություններին խոստանում են, բայց չեն իրականացնում: Երկու տարի է խոստանում են ճանապարհին ցուցանակ տեղադրել, բայց չեն անում: 500 000 լարին շատ քիչ է մեր գյուղերի ասֆալտապատման համար: Բողոքում ենք, որովհետև այսպես արդեն անհնար է: 10 մեքենա ավազ բերեցին ճանապարհին լցրին, մեր դեմքին թոզ փչեցին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում հերքեց, որ իշխանությունը նման խոստում է տվել բնակիչներին:
«Իրենք ասում են, որ մենք խոսատցել էինք անցած տարի ասֆալտապատել, բայց իշխանության ոչ մի ներկայացուցչի կողմից նման խոստում չի եղել, հաստատ համոզված եմ, եթե նույնիսկ ասել են՝ կարող եմ ներողություն խնդրել, բայց գիտեմ, նման բան չի եղել: Որոշ մարդիկ ավելի շատ պրովոկացիայի համար էին եկել, մնացածն էլ եկել էր իրենց պահանջը ներկայացնելու»,- ասաց Սմբատ Կյուրեղյանը:
2019-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Կոնդուրա, Փոքր Կոնդուրա, Մամզարա և Ղուլալիս գյուղերի ասֆալտապատման համար Տարածաշրջանային ֆոնդից 500 000 լարի է հատկացվել, որով հնարավոր է 7կմ ճանապարհից ասֆալտապատել ընդամնեը 1,400 մետրը:
«Ժողովուրդը պահանջում է գումար ավելացնել: Ինչպես գիտեք այս ծրագիրը շարունակական է, հիմա գյուղացիները պահանջում են մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնենք ասֆալտապատումը: Այս հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում: Կարծում եմ նույնիսկ այս տարվա նախագիծը կարող է իր նպատակին չծառայել և ասֆալտը շարքից դուրս գա մեկ տարվա ընթացքում, որովհետև այդտեղ անընդհատ ծանր տեխնիկա է աշխատում: Այս տարի նախատեսված է 1,400 մետր ասֆալտապատում, հետո շարունակաբար ամեն տարի հատկացվելու է մինչև ամբողջովին ավարտենք գյուղերի ասֆալտապատումը»,- ասաց Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահը:
Միաժամանակ հավելելով, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեն լրացուցիչ գումար գտնել, սակայն չեն խոստանում:
«Մենք վստահեցնում ենք, որ կդիմենք կենտրոնական իշխանություններին՝ կառավարությանը, նահանգապետարանին, պատգամավորին և այլոց, լրացուցիչ գումար խնդրել, եթե հատկացրին շատ լավ, եթե ոչ՝ ես ինչ անեմ, դու ինչ անես»:
Լուսանկարը և տեսանյութը՝ ռադիո Nor-ի
Աղունիկ Այվազյան