Հայաստանին սահմանակից Ժդանովական գյուղի բնակիչները փակել են դեպի Հայաստան տանող ճանապարհը և պահանջում են, որ իշխանությունները լուծեն իրենց գյուղի մերձակայքում, չեզոք գոտում արոտավայրերի հետ կապված խնդիրները: Այս հողերում հարևան գյուղերի բնակիչները խոտ են հավաքում առանց սահմանափակումների:

Բնակիչները հանդիպել են Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ և ներկայացրել են իրենց բողոքները: Ըստ Ժդանովականի բնակիչների, խոսքը 200-300 հա տարածքի մասին է:

«Մենք տեղական իշխանությունների մոտ էինք: Ոչ ոք մեր հարցերին լուծում չտվեց: Երկու ամիս առաջ մենք մեր խնդիրները գրավոր ներկայացրեցինք շրջկենտրոն: Այսօր մեզ ոչ մի լուծում չի ներկայացվել: Ասում են` սպասեք, սպասեք: Բայց արդեն խոտհունձի սեզոնն է, ոչ մի սպասել: Մենք փակել ենք ճանապարհը, որպեսզի Թբիլիսիում իմանան և լուծում տան այս խնդրին: Այլ ճանապարհ չկա, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է: Այլ գյուղերից կարող են հնձել մեր տարածքում, իսկ Ժդանովականի բնակիչները` ոչ: Կան մարդիկ, ովքեր 2-3 հա հող չունեն, և նրանք զբաղվում են անասնապահությամբ: Ընտանիքը պահելու ուրիշ ոչ մի միջոց չկա: Դրա համար այս մարդիկ փակել են ճանապարհը: Ճանապարհը փակ կմնա, մինչև մեր խնդիրները չլուծվեն: 500 հա կա մինչ սահմանամերձ գոտին: Այն, ինչը պատկանում է մեր գյուղին, պետք է մեզ տրվի, իսկ մնացածը պետք է բաշխվի մնացած գյուղերի միջև», – ցուցարարներից մեկն ասել է «Ռադիո Նոր»-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ բեռնատարները կանգնած են փակ սահմանի մոտ և չեն կարող հասնել Նինոծմինդա-Բավրա մաքսակետ: