Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Գրիգոլ Լիլուաշվիլին, ով 2017 թվականից նույն գերատեսչությունում զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա խորհրդարանի պատգամավոր էր:
Ենթադրվում է, որ նա փոխարինել է Իոսեբ Գոգաշվիլուն, որի հրաժարականի մասին նախկինում հաղորդել էին տարբեր ԶԼՄ-ներ: Տարածված տեղեկատվության համաձայն, Իոսեբ Գոգաշվիլու անունը կապված է մի շարք աղմկահարույց հատուկ գործողությունների հետ: Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերին Պանկիսի կիրճում անցկացված հատուկ գործողության հետ, որի արդյունքում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել էր մի քանի մարդ: Իսկ նրանցից մեկը՝ Թեմիրլան Մաչալիկաչվիլին, վիրավորվել էր անվտանգության աշխատակցի կողմից, ինչի հետևանքով մահացել էր հիվանդանոցում: Ինչպես նաև 2017 թ. նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության հետ, որի ընթացքում ԴԱԻՇ-ի անդամներից մեկը՝ Ահմեդ Չաթաևը պայթեցրել էր իրեն:
Անվտանգության ծառայությունը չի մեկնաբանում մանրամասները, իսկ հունվարի 19-ին հրապարակված հաղորդագրությունում միայն նշվել է, որ Գրիգոլ Լիլուաշվիլին տեղափոխվել է առաջին տեղակալի պաշտոնին, իսկ նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Խոջևանիշվիլին, ով 2017-ից աշխատել է որպես ՆԳՆ-ի գլխավոր տեսչության պետ:
Մեկ շաբաթ առաջ փոփոխություններ են կատարվել նաև Պետական անվտանգության ծառայության հինգ շրջանային բաժանմունքներում: Տարածաշրջանային ծառայությունների նոր ղեկավարներ են նշանակվել Կախեթիում, Քվեմո Քարթլիում, Սամցխե-Ջավախեթիում, Մցխեթա-Մթիանեթիում և Շիդա Քարթլիում:
civil.ge