Այսօր՝ հունվարի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում վերանորոգումից հետո վերաօծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում այս իրադարձությունը մեծ շուքով նշվեց, քանի որ այս օրվան գյուղացիները սպասել էին մեկուկես տարի՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում իր ներդրումը կատարելով եկեղեցու վերանորոգման գործում։

Եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումը Կարտիկամ գյուղի մի քանի բնակիչների նախաձեռնությունն է եղել, որին միացել են գյուղի բոլոր բնակիչները։

«Յուրաքանչյուր բնակիչ գումար է ներդրել վերանորոգման համար, որքան կարողացել է: Մենք մեկուկես տարի աշխատել ենք այդ նախաձեռնության իրագործման համար, իսկ այսօր նշում ենք այս իրադարձությունը»,- ասաց Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանը։

изображение_viber_2023-01-08_15-56-41-714

Օծվել է եկեղեցու գլխավոր մուտքն ու նոր խորանը։ Օծման արարողությունը կատարել է Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե միաբանության առաքելական կառավարիչ, վերապատվելի Միքայել Բասսալեն, ծայրագույն վարդապետ Գառնիկ Հովսեփյանի և Հայ Կաթողիկե եկեղեցու այլ հոգևոր սպասավորների մասնակցությամբ։

Գյուղի բնակիչներն ու հյուրերը մասնակցել են Սուրբ Աստվածածին եկեղեցու պաշտոնական վերաբացմանը։ Բարձրաստիճան հյուրերի թվում էին նաև Վրաստանում Վատիկանի դեսպանատան քարտուղար Մոնսինյոր Ջուզեպպե Պազոտտոն։

изображение_viber_2023-01-08_15-56-41-405

Վերաբացումից և վերաօծումից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ՝ տեղական երկու պարախմբերի և Հայաստանից հրավիրված արտիստների մասնակցությամբ։ Կարտիկամցիների համար համերգի ժամանակ անակնկալ էր «Կարտիկամ» երգի ներկայացումը, որը հատուկ այդ օրվա համար գրել էր համագյուղացի Ստյոպա Դումանյանը։ Այս երգի կատարումն առանձնահատուկ ծափերով ընդունվեց կարտիկամցիների կողմից։

Եկեղեցու վերաօծման օրը, երեկոյան ժամը 17:00-ին՝ Կարտիկամ գյուղի «Բարի գալուստ» հանդիսությունների սրահում բոլորին սպասվում էր ճոխ հյուրասիրություն։

изображение_viber_2023-01-08_15-56-41-770

Հարկ է նշել, որ Կարտիկամի եկեղեցին արդեն 2-3 ամիս է, ինչ ունի իր մշտական հոգեւորականը՝ Տեր Ռուբեն վարդապետը։