Այսօր Թբիլիսիում ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, որոնք փորձել են Վրաստանի խորհրդարանի դիմաց վրաններ տեղադրել։
Ձերբակալվածների թվում հասարակական կազմակերպությունների ու ընդդիմադիր շարժումների ակտիվիստներ են, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Հասարակական կարգը խախտելու համար և իրավապահ մարմիններին դիմադրություն ցուցաբերելու հիմքով ձերբակալվել է 20 մարդ:
Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները խոչընդոտել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությանը` զբաղեցնելով երթևեկելի մասը։ Ակտիվիստներն էլ ոստիկանությանը մեղադրել են իրենց վրանները գողանալու և ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու մեջ։
«Վրաստանը ՆԱՏՕ-ում» հասարակական կազմակերպության անդամ Ալեքսանդր Կոբաիձեի խոսքով, բերման են ենթարկվել ակտիվիստներ, ովքեր պահանջում են արտահերթ ընտրություններ:
«Մենք ուզում էինք մեր դիրքորոշումը հայտնել խորհրդարանի առջեւ, եւ մեզ դա թույլ չտվեցին: Ոստիկանության գործողությունները չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակներում և այսօր կամ վաղը այդ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն: Մոտ 10 մարդ կալանավորված է: Որտեղ են նրանք տեղափոխվել, ոչ ոկ չգիտի, և մենք փնտրում ենք նրանց: Ձերբակալվածները մեր ակտիվիստներն են, ովքեր ցանկանում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Նրանք ուզում են, որ փոփոխություններ լինեն ու արյունոտ ռեժիմը վերջանա», – ասել է Կոբաիձեն: