Վրաստանի կառավարության որոշմամբ երկրի թվով 6 բարձրադիր շրջանների սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար վառելափայտ կտրամադրվի: Ախալքալաքի շրջանում վառելափայտ կտրվի շուրջ 141 կարիքավոր ընտանիքի, դրա համար տեղական բյուջեից 25 000 լարի է հատկացվել:
Սույն թվականի Կառավարության նոյեմբերի 21-ի, N2234 որոշման համաձայն՝ Ադիգենի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա, Բորժոմի և Դուշեթի շրջաններին հատկացվել է վառելափայտ, որը պետք է տրվի բացառապես այս շրջաններում բնակվող անապահով ընտանիքներին:
Ըստ վերոնշյալ որոշման՝ Ախալքալաքի շրջանին հատկացվել է 300 խորանարդ/մետր վառելափայտ, 141 ընտանիքների, ովքեր դրա կարիքն առավել շատ ունեն: Եվ յուրաքանչյուր ընտանիքի կտրվի մոտավոր՝ 2-3 խորանարդ/մետր փայտ:
«Կառավարության որոշման հիման վրա մենք գյուղապետներին դիմել ենք և նրանք մեզ ցուցակ են ներկայացրել: Ամեն գյուղերից 2-ական ընտանիք և քաղաքից 4-5 ընտանիքի կհասնի»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմկիայի ծառայության բնության պաշտպանության ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլի:
Ֆինանսավորումն այսպիսին է. պետությունը 2 700 լարիի դիմաց հատկացնում է 300 խորանարդ/մետր վառելափայտ, այսինքն 1 խորանարդ/մետրը գալիս է 9 լարի: 900 լարի է անհրաժեշտ փայտը կտրելու և անտառից դուրս բերելու համար, 21 400 լարի էլ պետք է, որ վառելափայտը Բակուրիանի անտառից հասնի մինչև անապահով ընտանիք: Ընդհանուր գումարը կազմում է 25 000 լարի, որը արդեն հաստատվել է Ախալքալաքի Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգի ժամանակ:
Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմկիայի ծառայության բնության պաշտպանության ծառայության բաժնի պետի խոսքերով՝ վառելափայտը սոցիալապես անապահով ընտանիքներին կհասնի հունվար ամսին:
Աղունիկ Այվազյան